Անկարայում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն Անկարայում թուրք գործընկերոջ՝ Բուրաք Աքչափարի  հետ ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկել է նաև Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։

Կողմերը ներկայացրել են Հարավային Կովկասում իրադրության վերաբերյալ իրենց տեսակետները։

«Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը՝ նպաստելով դրան առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում», – նշվում է հրապարակման մեջ։

Անդրկովկասյան թեմայից բացի, քննարկվել է նաև ուկրաինական ճգնաժամի թեման՝ ներառյալ դրա քաղաքական և դիվանագիտական կարգավորման հեռանկարները։

Գնահատականներ են տրվել Կենտրոնական Ասիայի երկրների հետ փոխգործակցության վերաբերյալ, ինչպես նաև՝ քննարկվել են ռուս-թուրքական օրակարգի արդիական թեմաները։