Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովում բարձրացվել է Արցախի բնակչության հանդեպ Ադրբեջանի կողմից շարունակ տեղի ունեցող ոտնձգությունների հարցը

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որի կարգախոսն է «Քրիստոսի սերը առաջնորդում է աշխարհը դեպի հաշտություն և միասնություն», շարունակում է իր աշխատանքները Գերմանիայի Կառլսռուե քաղաքում։
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը անցկացվող համաժողովին շուրջ 5000 մասնակիցներ ներկայացնում են 351 եկեղեցիներ և հարանվանություններ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը։

Մայր Աթոռի պատվիրակությունն իր ակտիվ մասնակցությունն է բերում համաժողովի հավաքներին, միջհարանվանական հանդիպումներին, ինչպես նաև ԵՀԽ-ի գործունեությունը համակարգող վեց հանձնաժողովների աշխատանքներին։
Համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ մասնավոր հանդիպում Ուղղափառ և Արևելյան ուղղափառ եկեղեցիների բոլոր ներկայացուցիչների միջև, որի ընթացքում քննարկվեցին եկեղեցական երկու ընտանիքների միջև կապերի սերտացմանն ու ԵՀԽ-ի առաքելության մեջ առավել արդյունավետ փոխգործակցությանն առնչված հարցեր։

Համաժողովին Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն անդրադարձավ Արցախի բնակչության հանդեպ Ադրբեջանի կողմից շարունակ տեղի ունեցող ոտնձգություններին՝ հորդորելով համաժողովի ղեկավարությանը և բոլոր պատվիրակություններին գործնական քայլեր ձեռնարկել զսպելու Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը։
Սեպտեմբերի 4-ին ԵՀԽ ընդհանուր համագումարի հայկական պատվիրակության անդամները Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի հրավերով Քեհլ քաղաքում մասնակցեցին Սուրբ Պատարագին, որից հետո կազմակերպվեց հանդիպում հայ համայնքի հետ։