Վարչապետը հիմնական ռազմավարական խնդիրն է համարում կորոնավիրուսին զուգահեռ ապրել սովորելը

 Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նվազեցնել կորոնավիրոսային հիվանդության հետևանքով մահվան վիճակագրությունը՝ ինքը չվարակվելով և ուրիշին չվարակելով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 26-ին պարետատան նիստից հետո  այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է պահպանվել հակահամաճարակային կանոնները։

«Ցավոք, դեռևս չի հաջողվում լուծել կորոնավիրուսային համաճարակի համատեքստում մեր հիմնական ռազմավարական խնդիրը, իսկ մեր հիմնական ռազմավարական խնդիրն է կորոնավիրուսին զուգահեռ ապրել սովորելը։ Ինչ է սա նշանակում գործնականում․ մեզնից յուրաքանչյուրը պետք է աշխատի իր առօրյան դասավորել այնպես, որ չվարակվի կորոնավիրուսով և չվարակի ուրիշներին»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ  այս խնդիրը դեռ չի հաջովում լուծել, այդ պատճառով ամենօրյա ռեժիմով շարունակվում է կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր արձանագրվել։

«Երեկ, օրինակ՝ ունեցանք 515 նոր դեպք։ Սա նշանակում է, որ այս վիճակագրության բերումով ինքնին մենք առաջիկայում կունենանք 10 մահ։ Իհարկե, քաղաքացիների մեծ մասը, բարեբախտաբար, առողջանում է, բավականին մեծ մասը հիվանդությունը տանում է առանց որևէ ախտանշանի, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքը այս թվի մեջ դրական վիճակագրությունը լրացնելով, ինչ-որ մեկին դատապարտում է մահվան»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանում հուլիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 26065 դեպք, որոնցից 14563-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10900  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 111 665 թեստավորում:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 523 նոր դեպք և 515 առողջացած։

Կառավարությունը հունիսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հունիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: