«Արամ Մանուկյանի տան շուրջ ստեղծված իրավիճակը ապացույց է իշխանությունների՝ պատմության նկատմամբ բարբարոս պահվածքի». Սաքունց

«Արամ Մանուկյանի տան շուրջ ստեղծված իրավիճակը ապացույց է իշխանությունների՝ պատմության նկատմամբ բարբարոս պահվածքի». Սաքունց
«Արամ Մանուկյանի տան շուրջ ստեղծված իրավիճակը ապացույց է իշխանությունների՝ պատմության նկատմամբ բարբարոս պահվածքի». Սաքունց

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տան շուրջ ստեղծված իրավիճակը ապացույց է իշխանությունների՝ պատմության նկատմամբ բարբարոս պահվածքի: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Հուշարձանը, բացի այն, որ նյութական վկայությունն է ինչ-որ պատմական ժամանակաշրջանի, նաև կապ ունի պատմության մեկ այլ իրադարձության հետ: Այսինքն՝ ոչ միայն վկայություն է, այլ նաև քարե գիրք է ինչ-որ ժամանակաշրջանի բովանդակության, առանձնահատկությունների ու բնույթի մասին: Այսինքն՝ մեր ամբողջ պատմությունը, որով մենք իբր հպարտանում ենք, դառնում է վերացական»,-  «Մեդիալաբին» ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Այս դեպքը, նրա խոսքով, ավելի մտահոգիչ է, քանի որ հուշարձան շենքը կապ ունի մի մարդու հետ, ով եղել է առաջին հանրապետության հիմնադիրը: Եվ հիմա, եթե պետությունը քեզ համար արժեք է, ապա, Սաքունցի խոսքով, այդ պետության մեջ մարդկանց ու տվյալ դեպքում այդ մարդու ներդրումը գնահատելու, ցույց տալու, արժևորելու կարևոր միջոցներից մեկն այն շենքերն են, որտեղ բակվել են այդ մարդիկ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին դարձյալ հնչում է Արամ Մանուկյանի կիսավեր տունը քանդելու և այդ վայրում ավտոկայանտեղի կառուցելու ահազանգը: 1910 թվականին կառուցված այս տունը գտնվում է Արամի փողոցի 9 հասցեում, իսկ ինչպես հայտնի է, Երևանի Արամի, Բյուզանդի և մի շարք փողոցներ ու թաղամասեր հանրային գերակա շահ ծրագրով կառուցապատվեցին, հին շինությունների մեծամասնությունը վերացվեցին, մի մասն էլ կիսավեր են ու վերացման վտանգի տակ:

Զուգահեռ շուրջ մեկ տասնյակ տարի է՝ իշխանությունների կողմից հնչում են խոստումներ, թե Արամի և Բյուզանդի փողոցների պարփակված հատվածում կառուցվելու է Հին Երևան թաղամասը, որտեղ տեղակայվելու են հին Երևանի մասին վկայող պատմամշակութային հուշարձանները:

Կառավարությունից խոստումներ են հնչել, թե Արամ Մանուկյանի տունը ևս այս ծրագրով պահպանման ենթակա է:

Դեռևս այս տարվա հուլիսին, երբ այս խնդիրը դարձյալ բարձրացվել էր, քաղաքաշինության նախկին նախարար, իսկ այսօր Քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցմանը, գրել էր, որ Արամ Մանուկյանի տունն ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան:

Ըստ Նարեկ Սարգսյանի՝ ներկայումս կառույցը ներառված է Հին Երևան համալիրի կառուցապատման ներդրումային ծրագրում: Ըստ ծրագրի նախագծի՝ նախատեսված է պահպանել և վերակառուցել գոյություն ունեցող շինությունը՝ որպես ընդհանուր համալիրի մաս:
Հիշեցնենք, որ նման խոստումներ տրվել են նաև քանդված մյուս շինությունների մասով:

«Հայաստանում շատ քիչ քաղաքներ կան այսօր, որոնք պահպանել են իրենց պատմական ժամանակահատվածը: Պատմական ժառանգությունը եվրոպական երկրներում լավագույնս պահպանվում է, իսկ մեզ մոտ որպես պատմության վկայություններ են հանդես գալիս եկեղեցիները: Կարծես թե այս երկրում եկեղեցիներից բացի այլ բան չի եղել»,- ասում է Արթուրն Սաքունցը:

Նրա խոսքով՝ իշխանությունը, որը հանդես է գալիս պատմական ժառանգությունը պահպանողի դիրքերից, հենց ինքն այսօր ոչնչացնում է պատմական հուշարձանները: Իսկ պատճառն, ըստ նրա այն է, որ իշխանությունների համար հոգևոր, բարոյական, մարդկային արժեքներն ընդամենը վիրտուալ նշանակություն ունեն:

«Իրենց համար շատ ավելի կարևոր նշանակություն ունի այսօրվա կենսական շահը՝ փողը, բիզնեսը և այլն: Եվ դա իրապես բարբարոսություն է, պատմության ու պատմական ժառանգության ոչնչացում է փաստացի»,- հավելեց նա:

Այն ավտոկայանատեղին, որը կառուցվելու է Արամ Մանուկյանի տան փոխարեն, իրավապաշտպանի խոսքով, տարիներ անց իրենից ոչ մի պատմական արժեք չի ներկայացնելու, և անհասկանալի է, թե ինչ է նշանակում, որ տան քարերը հանվելու են ու պահպանվեն:

«Այս իշխանությունը բոլոր առումներով է սպառնալիք պետականությանը: Աշխարհում դինոզավրեր են հայտնաբերում՝ ցույց տալու համար, թե ինչ-որ ժամանակ առաջ ինչպիսին է եղել այս երկրագնդի վրա բնությունը: Իսկ Հայաստանում ոչնչացվում է հինը: Հիշենք Հանրապետության հրապարակի վրա հին կառուցվածքների հայտնաբերումից հետո բարբարոսական գործողությունները, դրանք ծածկելը: Դա այն դեպքում, երբ եթե որևէ այլ երկիր նման ժառանգություն ունենար, անպայման հրապարակը կազատեր, տարբերակ կգտներ դա տուրիստների համար հետաքրքրության վայր դարձնելու համար: Իսկ իրեք վերցրեցին ու լրիվ ասֆալտի տակ դրեցին»,- ասում է Արթուր Սաքունցը:

Էմմա Մանուկյան

MediaLab.am