Խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը. Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին.

«Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ.   Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։

Այսինքն միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն՝ ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։

Համաձայն հայտարարության՝ Ոչ ԼՂ-ն, ոչ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն, որովհետև այն չի գտնվում վերջիններիս վերահսկողության ներքո։   Ադրբեջանը նույնպես նույն պատճառով միջանցքում որևէ գործառույթ չունի, բայց ունի 1 պարտավորություն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:  

Այսինքն Ադրբեջանը պարտավորվել է որևէ կերպ վտանգի չենթարկել ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող տարածքով ազատ տեղաշարժը։

(Օրինակ՝ չռմբակոծել ճանապարհը կամ ֆեյք բնապահպաններ այնտեղ չուղարկել այն արգելափակելու համար):  

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր այս պարտավորությունն ակնհայտորեն խախտել է։ Արդյունքում խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։ Իրավիճակի հանգուցալուծումը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ։

Հ.Գ.   Փարիզում եմ ԵԽԽՎ քաղաքական և մոնիտորինգի կոմիտեների նիստերին մասնակցելու համար։  Ստեղծված իրավիճակը քննարկման թեմա եմ դարձնելու նաև այստեղ»,-գրել է Ռուբինյանը։