Սիրիացի մարտիկը, որն ադրբեջանական ուժերի հետ ուղարկվել է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններին մասնակցելու, բրիտանական The Guardian-ին մանրամասներ է ներկայացրել հակամարտությունում օտարերկրյա ներգրավվածության մասին։ Լրատվամիջոցը գրում է, որ 1․000 սիրիացի գրոհայինների տեղակայումը, որոնք աշխատում են թուրքական մասնավոր անվտանգության կազմակերպությունում, նաև Անկարայի բացահայտ աջակցությունը Բաքվին 1994 թվականից ի վեր երկու երկրների միջև մղվող վատագույն մարտերում ցույց է տալիս, որ այն բարձրացնում է Թուրքիայի դերը՝ որպես տարածաշրջանային տերություն և սպառնում է խաթարել Կովկասում առկա փխրուն ստատուս-քվոն, որը երկար ժամանակ համարվում էր Ռուսաստանի դոմինանտ տարածք։
Հրապարակման համաձայն՝ նոր մարտական գործողությունները թուլացման միտում չունեն, քանի որ ուրբաթ Հայաստանն Ադրբեջանին մեղադրեց Ստեփանակերտում քաղաքացիական ենթակառուցվածքները խոցելու, ինչպես նաև հայ և ռուս լրագրողներին տեղափոխող ավտոբուսը հրետակոծելու մեջ։ Հոդվածագիրը նշում է, որ Անկարան Մոսկվային դիմակայում է երեք տարբեր ուղղություններով․ երկու երկրները Սիրիայում ու Լիբիայում աջակցում են հակառակ կողմերին, հիմա արդեն՝ Լեռնային Ղարաբաղում։ Թուրքիան երկարամյա մշակութային ու տնտեսական կապեր ունի Ադրբեջանի հետ։
Ռուսաստանը ռազմաբազա ունի Հայաստանում, բայց նաև մեծ կապեր ունի Բաքվի իշխող էլիտայի հետ և երկու կողմերին էլ զենք է վաճառում։ Բացի այդ՝ նոր մարտերն ու իր սահմաններին շատ մոտ սիրիական թշնամական ուժերի ներկայությունն անհանգստացնում է նաև Իրանին։ Լրատվամիջոցը հայտնում է, որ Իդլիբից մի քանի տղամարդ այս շաբաթ իրենց պատմել են, որ անցյալ ամսվա ընթացքում ռազմական հրամանատարները, որոնք ներկայացնում են թուրքական անվտանգային կազմակերպությունները, իրենց առաջարկել են աշխատել 3 կամ 6 ամիս ժամկետով պայմանագրերով՝ պաշտպանելու Ադրբեջանի նավթային ու գազային օբյեկտներն ու դիրքերը։ Դրա համար նրանց առաջարկվել է մոտավորապես 10․000 թուրքական լիրա՝ 1000 ֆունտ ստերլինգ, որը մեծ գումար է տասնամյակներով պատերազմի ու աղքատության մեջ գտնվող սիրիացիների համար։
Մուսթաֆա Խալիդը, որը լրատվամիջոցին խնդրել է իր իրական անունը չօգտագործել, հաստատել է այս տեղեկությունները՝ Guardian-ին պատմելով, որ ինքը գրանցվել է սեպտեմբերի 18-ին և հիմա գտնվում է շփման գծի այնպիսի դիրքում, որն անցյալ կիրակի օրվանից հրետանային կրակի տակ է։ Իդլիբից 23-ամյա մի երիտասարդ էլ ասել է, որ ինքը ճամփորդել է որպես 1․000 հոգանոց սիրիական զորամիավորման մաս՝ թուրքամետ Սուլթան Մուրադ, Սուլեյման Շահ ու Ալ Համզա դիվիզիաներից, որոնք Ղազիանթեփի ռազմաբազա են հասել սեպտեմբերի 23-ին։ Հաջորդ օրը նրանք թռել են Ստամբուլ, հետո՝ Ադրբեջան թուրքական ռազմական օդանավերով։ Flight Radar-ի տվյալները, որը հետևում է օդանավերի շարժին և աշխարհագրական դիրք լուսանկարներ ու կոորդինատներ տրամադրում, հաստատում են այդ ամենը։
«Սկզբում ես տատանվում էի՝ գա՞լ այստեղ, թե՞ ոչ, քանի որ գաղափար չունեի այս երկրի մասին, լեզուն էլ չգիտեմ։ Ես գիտեի, որ երկու երկրների միջև եղել են բախումներ, բայց չգիտեի, որ գնում եմ պատերազմ։ Ես մտածում էի, որ սա պարզապես պահակային աշխատանք է։ Եկել եմ այստեղ փող աշխատելու և ավելի լավ կյանքի համար Սիրիա վերադառնալու, որտեղ կյանքի պայմանները թշվառ են։ Ես մտածում էի՝ պարզ աշխատանք է, ուրիշ ոչինչ»,- ասել է Խալիդը։
Մանրամասները` Factor.am-ում