5165 շարժման դիրքորոշումը՝ ՍԴ դիմելու վերաբերյալ

5165 շարժման դիրքորոշումը՝ ՍԴ դիմելու վերաբերյալ․

5165 շարժման պարզաբանումները Շարժման կողմից ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ մամուլում և սոցհարթակներում տեղ գտած արձագանքների առնչությամբ.

Արձագանքելով 5165 շարժման կողմից ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները չճանաչելու կապակցությամբ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում արվող հարցադրումներին՝ հայտնում ենք.

Ընտրությունների արդյունքները չճանաչելը պայմանավորված է ոչ միայն քվեարկության օրն արձանագրված բազմաթիվ խախտումներով, զանգվածային հոսանքազրկումներով և այլ ապօրինություններով, այլև հատկապես ընտրական գործընթացի ամբողջականությունը չպահպանելու հանգամանքով, այն է՝

  • նախընտրական շրջանում տեղ գտած հակաժողովրդավարական վարքագիծը՝ ներառյալ վախի,
  • ահաբեկման, ատելության մթնոլորտի ձևավորում, վարչական ռեսուրսի ակնհայտ չարաշահումներ, միտումնավոր բևեռացում, – նորաստեղծ քաղաքաղաքական ուժերի նկատմամբ անուղղակի և ուղղակի հակաքարոզ, այդ թվում 5165 շարժման դեմ՝ կապակցելով Շարժումը այս կամ այն բևեռի հետ, նախատրամադրելով ընտրողներին, որ նորաստեղծ ուժերը «պառլամենտ չանցնող», «ձայներ փոշիացնող» են և այլն։

Այս պայմաններում անցկացված ընտրությունները արդար և ժողովրդավարական անվանելը գուցե հնարավոր է ֆորմալիզմի տեսնակյունից, բայց ոչ՝ իր բովանդակությամբ և ամբողջականության մեջ:

ՀՀ սահմանադրական դատարան չդիմելու 5165 շարժման որոշումն ունի հետևյալ հիմնավորումները.

  • Արդեն իսկ կան ուժեր, որոնք դիմել են ՍԴ և տիրապետում են բավարար մասնագիտական ռեսուրսի՝ հետևողականորեն հարցը առաջ մղելու համար,
  • Կրկնողությունից խուսափելու համար Շարժումը նպատակահարմար է գտնում սեփական ռեսուրսներն ուղղել այլ՝ ավելի ծրագրային դաշտ։ Բնականաբար միևնույն ժամանակ ամենայն ուշադրությամբ հետևելու ենք ամբողջ գործընթացին։

Դեռևս ակնկալում ենք, որ իրավապահ համակարգը ընթացք կտա մամուլում հայտնված բազմաթիվ հաղորդումներին, որտեղ նույնիսկ առկա են տեսանկարահանված նյութեր (օրինակ՝ բանակում տեղի ունեցած ուղղորդված քվեարկությունը)։

Ակնկալում ենք, որ նաև լայնամասշտաբ հոսանքազրկման դեպքերի առումով կտրվեն հոդաբաշխ պարզաբանումներ։

Շարժումը հետևելու է քաղաքական գործընթացներին և անհրաժեշտության դեպքում տալու է քաղաքական և մասնագիտական գնահատականներ։