Պատվաստումային շատ դանդաղ ընթացքը հիմք է ստեղծում, որ վիրուսն անընդհատ տարածվի ու նոր թիրախ գտնի իր համար. համաճարակաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը

– Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, առողջապահության նախարարը երեկ հայտարարեց, որ նկատվում է կորոնավիրուսային հիվանդության երիտասարդացում՝ պայմանավորված դելտա շտամով, մահերի ու վարակվածության թվերի աճ: Համաճարակային այս փուլի վերաբերյալ ձեր մեկնաբանությունը կխնդրեմ, դուք ինչո՞վ եք բացատրում համաճարակային այս պատկերը:

– Ես համակարծիք եմ նախարարի նշած պատճառին: Սա միայն մեզանում չէ, աշխարհում այսօր տարածված է դելտա շտամը, եվրոպական տարածաշրջանում այն կազմում է դեպքերի ավելի քան 90 տոկոսը: 

Հայաստանը ևս բացառություն չէ, հետազոտությունների համաձայն՝ այս շտամը համարվում է դոմինանտ: Դելտա շտամն առանձնանում է իր ավելի բարձր հպավարակությամբ, այսինքն՝ այս շտամով վարակված մեկ անձը վարակում է 5-6 առողջ մարդու, ի տարբերություն անգլիական կամ ալֆա շտամի, որի դեպքում մինչև 2,5 էր վարակելիության այդ ցուցանիշը: 

Դելտա շտամով պայմանավորված է և՛ դեպքերի ավելի ինտենսիվ աճը, և՛, այո՛, արդեն նշեցիք, որ առավել հաճախ հանդիպում է երիտասարդների մոտ և ընթանում ավելի ծանր:

– Այսինքն՝ նման պատկերի հիմնական պատճառը շտամի փոփոխությո՞ւնն է, այլ պատճառ չկա՞:

– Այո՛, շտամի փոփոխությունն է: Պատվաստումային թույլ գործընթացը, այսինքն՝ երբ ունենում ենք բազմաթիվ ընկալ օրգանիզմներ, նպաստում են նոր շտամների առաջացմանը: Վիրուսը իր համար անընդհատ գտնում է թիրախ, ախտահարում այն և փորձում պահպանել իր կենսունակությունը՝ դառնալով ավելի ագրեսիվ, և՛ վարակելիության առումով է բարձրացնում, և՛ հիվանդության ծանրության աստիճանի առումով:

 – Այդ պատվաստումային, ինչպես ասում եք՝ թույլ գործընթացն ուժեղացնելու համար ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի նախարարությունը:

– Նախարարի վերջին հրամանը, որը վերաբերում է բոլոր ոլորտների աշխատողներին, կարծում եմ՝ որոշ չափով թույլ կտա վերանայել մարդկանց՝ իրենց պատկերացումները պատվաստման մասին, այսինքն՝ անձնական մոտեցումից մի փոքր անցնել հանրային մոտեցման՝ մտածելով, որ ես պաշտպանված եմ, դրանով պաշտպանում եմ նաև իմ շրջապատը:

 – Կարծում եք՝ դա խթա՞ն կհանդիսանա մարդկանց համար, տիկի՛ն Տեր-Ստեփանյան:

– Այս սահմանափակումը, որ եթե աշխատողը պատվաստված չէ, 14 օրը մեկ ՊՇՌ թեստ պետք է հանձնի, կարծում եմ՝ վերանայման առիթ կտա, հույս ունեմ, որ ընդգրկվածությունը կբարձրանա, չնայած խնդիրը միայն մեզանով պայմանավորված չէ: Ինֆորմացիայի այս ինտենսիվ տարածման փուլում պատվաստման մասին ցանկացած վատ մեկնաբանություն շատ արագ է ընկալվում բնակչության կողմից, ավելի արագ ընկալում են վատը, քան լավը:

– Ի սկզբանե պատվաստման գործընթացում կամ համաճարակի վերաբերյալ տեղեկությունների, մեկնաբանությունների դաշտում ի՞նչն այնպես չընթացավ Հայաստանում, որ հանգեցրեց այսօրվա արդյունքին:

– Ինձ թվում է՝ պատճառն այն է, որ Հայաստանում պատվաստման գործընթացը մենք սկսեցինք կոնկրետ այն պահին, երբ խոսվեց «Աստրազենեկա» պատվաստանյութի կողմնակի ազդեցության մասին: Դա միաժամանակ համընկավ, և սա մեծապես խոչընդոտեց պատվաստումային գործընթացը: 

Բնակչությունը պատրաստ չէր այդ ասեկոսեներին, կողմնակի էֆեկտների մասին տեղեկատվությանը: Բացի դրանից, որպես նոր պատվաստանյութ, մեր բնակչությունը սովոր է քննարկել, կշռադատել ցանկացած նորություն, լսել տարբեր կարծիքներ, իսկ տարբեր կարծիքների ոլորտում կողմնորոշվելը բավականին դժվար է: Ցավոք սրտի, մասնագիտական կարծիքն այս պարագայում հաշվի է առնվում ամենավերջին հերթին:

– Տեսնո՞ւմ եք այդտեղ նախարարության կամ համապատասխան մարմինների բացթողումը, այսինքն՝ կարո՞ղ էին նրանք այնպես անել, որ բնակչությունը ուղղորդվեր ոչ թե այդ ասեկոսեներով, այլ մասնագիտական ճիշտ խորհուրդներով:

– Իմ մասին կարող եմ ասել, որ պատվաստանյութը ստեղծելու պահից հնարավոր բոլոր տարբերակներով՝ իմ շրջապատում, ուսանողների հետ, մամուլով, անընդհատ խոսել եմ դրա մասին, բայց միշտ կա հակառակ կարծիքը, ինչը միշտ խոչընդոտում է մասնագիտական կարծիքը: 

Նախարարության մասով՝ գիտեք, սա համաշխարհային խնդիր է, զարգացող երկրներում ավելի սրված, քաղաքական անկայունության դաշտը միանշանակ նպաստում է այս գործընթացի ավելի սրմանը: Մենք ունենք բոլոր նախադրյալները, որ մեզ մոտ այդ խնդիրն ավելի դժվար գնա՝ թե՛ ազգային մենթալիտետից ելնելով, թե՛ մնացած առումներով:

– Տիկի՛ն Տեր-Ստեփանյան, իսկ կո՞ղմ եք պարտադիր պատվաստմանը: 

– Պարտադիր պատվաստմանը կողմ չեմ, որովհետև պատվաստումը՝ որպես կանխարգելիչ գործընթաց, չի կարող պարտադիր լինել: Ցավոք սրտի, կանխարգելիչ բժշկությունը զարգացած բժշկության հիմքն է, իսկ մենք դեռ չունենք այդ զարգացած բժշկությունը, որ գնանք դեպի կանխարգելում, այդ է պատճառը, որ մեզ մոտ այդ գործընթացը այսքան դժվար է առաջ գնում: 

Մարդիկ, մինչև դանակը ոսկորին չի հասնում, չեն դիմում բժշկի, էլ ուր մնաց խոսենք կանխարգելման մասին: Իսկ պարտադիր դառնալ չի կարող, որովհետև դա ամեն դեպքում մարդու կամքն է: 

Բայց եթե հանրային առողջության համար վտանգ ներկայացնող խնդիրը թողնենք բարձիթողի ու սպասենք, որ մարդիկ հասնեն այն ինքնագիտակցությանը, որ իրենք որոշեն պատվաստվել, դա բազմաթիվ կյանքեր խլելու պատճառ է դառնալու:

– Այսինքն՝ համոզված եք, որ եթե պատվաստվողների թիվն ավելանա, համավարակային այս, մեղմ ասած, տխուր պատկերը կփոխվի:

– Այո՛, համոզված եմ, բայց այս ցածր ընդգրկվածության պայմաններում պատվաստանյութն իր ազդեցությունը դեռևս չի կարող դրսևորել, որովհետև մեզ պետք է կարճ ժամանակում մեծ պատվաստումային ընդգրկվածություն, որը մեզ մոտ շատ դանդաղ է ընթանում, այսինքն՝ դա հիմք է ստեղծում, որ վիրուսն անընդհատ տարածվի ու նոր թիրախ գտնի իր համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am