Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-ն անդրադարձել է Տավուշում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է ապրիլի 23-ին Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպին, երբ հավաքի ժամանակ ավտոմեքենան փորձել է մխրճվել բազմության մեջ, ինչի հետևանքով բնակիչներից մեկը վնասվածք է ստացել։ Մարդու իրավունքների պաշտպանը շեշտեց, որ բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա ընդգծեց՝ տարածել են հայտարարություն և  ընդգծել, որ բռնության կիրառումը որևէ դերակատարի կողմից անթույլատրելի է:

«Պահանջել ենք այդ հարցի հետ կապված պատշաճ քննության իրականացում: Մենք շատ արագ ենք արձագանքել ու զրուցել ենք  բոլոր քաղաքացիների հետ, որոնք նաև ազատությունից են զրկվել: Մեզ համար կարևոր է նրանցից ստանալ պատշաճ տեղեկատվություն իրենց հետ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Եղել է քաղաքացի, որը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: Այցելել ենք հիվանդանոց: Քաղաքացու հետ հանդիպման մասին տեղեկատվություն չեմ կարող փոխանցել։ Նրա հետ զրույցի արդյունքում  տեղեկատվությունն ամփոփվելու է, և գալու ենք վերջնական եզրակացության»,-ասաց Մանասյանը:

Խոսելով քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի ձերբակալության մասին՝ ՄԻՊ-ը տեղեկացրեց՝ արդեն հանդիպել են Պետրոսյանին, արձանագրել են նրա բարձրաձայնած բոլոր  խնդիրները:

«Իմ աշխատակիցներին հանձնարարել եմ, որ ի սկզբանե ազատությունից զրկման վայրում նրանց հետ հանդիպումից հետո կոնկրետ ժամը լրանալու պահին մեկնեն ոստիկանական բաժանմունք, որպեսզի կարողանանք երաշխավորել քաղաքացիների՝ պատշաճ ժամանակահատվածում ազատ արձակումը: Բոլորը, բացի Սուրեն Պետրոսյանից, ազատ են արձակվել: Եթե ես չեմ սխալվում, նրա դեպքում կա քրեական  հանցակազմի հետ կապված տեղեկատվություն: Այս պահին չեմ կարող տեղեկատվություն փոխանցել, որովհետև մենք չենք իրավասու մարմինը: Բանավոր հաղորդակցություն ենք վարել իրավասու մարմինների հետ: Իմ հանձնարարությամբ մեր խումբը դեռ Տավուշում է:  Այս պահին էլ հստակ գործողություններ ենք իրականացնում»,-հավաստիացրեց ՄԻՊ-ը: