«Իմ քայլը» հիմնադրամը պլանշետներ է տրամադրել Վայոց ձորի աշակերտներին՝ նրանց կրթության հասանելիությունը ապահովելու համար

«Իմ քայլը» հիմնադրամը տեղեկացնում է․

Կրթությունը և դրա հասանելիության ապահովումն «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության կարևորագույն ուղենիշներից է։ Հենց այս գիտակցմամբ էլ Հիմնադրամը նախաձեռնել ու իրականացնում է Վայոց ձորի խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաների կրթության հասանելիությանն ուղղված աջակցություն՝ տրամադրելով 331 պլանշետներ Վայոց ձորի 23 համայնքների 26 դպրոցների:

Հիմնադրամի սոցիալական թիմի աշխատակիցները, սերտորեն համագործակցելով Վայոց ձորի մարզպետարանի և ընտրված դպրոցների հետ, իրականացրեցին կարիքների գնահատում, որի հիմքով խոցելի խմբի ընտանիքներից կազմվեց շահառու երեխաների ցանկը։

«Որդեգրել ենք հետևյալ սկզբունքը՝ մեկ ընտանիքից մեկ երեխա՝ հնարավորինս ընդարձակելով շահառուների շրջանակը: Պլանշետները տրամադրվելու են դպրոցներին, որպեսզի դպրոցը հնարավորություն ունենա վերահսկելու, որ պլանշետներն օգտագործվեն բացառապես ուսման նպատակով»,- նշում է սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը։

Մարզի ընտրությունը նույնպես պատահական չէ. Վայոց ձորը միջազգային ՀԿ-ների սոցիալական ծրագրերից առավելապես քիչ աջակցություն ստացող մարզն է, քանի որ դրանում բացակայում են մարզային գրասենյակները:

Պլանշետների բաժանումը կազմակերպվել է համավարակի պայմաններում ՀՀ-ում գործող սահմանափակումների ու անվտանգության նորմերի պահպանմամբ։

«Իմ քայլը» հիմնադրամն ունի իր տեսլականը Հայաստանի զարգացման համար, մշակել ու իրականացնում է մի շարք կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր։ Ի թիվս այս ծրագրերի, Հիմնադրամը շատ զգայուն է հընթացս առաջացող խնդիրների հանդեպ՝ փորձելով տալ արագ ու արդյունավետ արձագանք: Հետևաբար, COVID-19-ի պատճառով հեռավար ուսուցման անցած դպրոցական կրթական համակարգում առաջացած խնդիրներն անմասն չեն մնացել Հիմնադրամի տեսադաշտից: Անկախ ստեղծված պայմաններից ոչ ոք չպետք է զրկված լինի սովորելու կարևորագույն հնարավորությունից:

Գիտելիքն ուժ է՝ քաղաքակիրթ ու զարգացող երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող կարևորություն։ Հիմնադրամն, իր կողքին ունենալով այս տեսլականին հավատարիմ աջակիցներ ու համախոհներ, շարունակաբար տարբեր ծրագրերի միջոցով սատարելու է մեր երկրի ապագայի կերտման համար առանցքային այս ոլորտի զարգացմանը: