AstraZeneca. պատվաստանյութի մասին միջազգային ուսումնասիրությունները. Fip.am

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում չեն դադարում իրարամերժ տեղեկություններ տարածվել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի` հատկապես բրիտանա-շվեդական «AstraZeneca»-ի մասին:

Այս պատվաստանյութի վերաբերյալ տարածաշրջանում աղմուկը հատկապես սաստկացավ, երբ մարտի 19-ին Վրաստանում անաֆիլակտիկ շոկից (ծանր ալերգիկ ռեակցիա) մահացավ բուժքույր, որը պատվաստվել էր «AstraZeneca»-ով։ 

Համացանցում պարբերաբար լուրեր են տարածվում տարբեր երկրներում այս պատվաստանյութի արգելման և դրա կողմնակի ազդեցությունների վերաբերյալ, որոնք հաճախ իրականությանը չեն համապատասխանում։ 

Քանի որ Հայաստանը նույնպես ներկրել է «AstraZeneca»-ի պատվաստանյութի խմբաքանակ և ապրիլի 13-ից արդեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն, «Փաստերի ստուգման հարթակը»  որոշեց ուսումնասիրել, թե ինչ պատճառներով են ժամանակավորապես արգելել կիրառել այս պատվաստանյութը և ինչ եզրակացությունների են հասել մասնագետներն այն ուսումնասիրելուց հետո:

«AstraZeneca»-ի պատվաստանյութը

«AstraZeneca»-ի պատվաստանյութը (նաև Vaxzevria) ստեղծել են համանուն՝ բրիտանա-շվեդական ընկերությունը և Օքֆսորդի համալսարանի գիտնականները: 

Պատվաստանյութը ստեղծելիս գիտնականները վերցրել են սովորական ադենավիրուսը, որը առաջացնում է հարբուխ շիմպանզեների մոտ, և դրան ավելացրել կորոնավիրուսի գենետիկ կոդից մասնիկ: Այն սկսվել է կիրառվել 2020 թվականի վերջին և այս պահի դրությամբ գործածվել է 118 երկրում:

Ըստ 2021 թ. մարտի 25-ին ընկերության հրապարակած ուսումնասիրության (ԱՄՆ)՝  այն 76 տոկոսով արդյունավետ է սիմպտոմատիկ Քովիդ- 19-ի դեմ: Պատվաստվելու դեպքում այն 100 տոկոսով բացառում է, որ հիվանդությունը կանցնի ծայրահեղ ծանր վիճակով կամ հոսպիտալացման սուր անհրաժեշտություն կլինի:

Պատվաստանյութը 85 տոկոսով արդյունավետ է 65 տարեկան և դրանից բարձր տարիքի անձնանց դեպքում՝ ընդդեմ սիմպտոմատիկ հիվանդության: 

«AstraZeneca»-ի պատվաստանյութի կիրառման ժամանակավոր կասեցումը

Մարտի սկզբին մի շարք երկրներում «AstraZeneca»-ի կիրառումը ժամանակավորապես կասեցվեց՝ դրա ընդունումից կարճ ժամանակ անց որոշների մոտ թրոմբերի առաջացման պատճառով։

Ավստրիայում մարտի 7-ին հայտարարվեց, որ պատվաստանյութի ընդունումից հետո 49-ամյա կին է մահացել արյան մակարդելիության սուր խանգարման արդյունքում, իսկ մեկ այլ՝ 35-ամյա անձի մոտ թրոմբ էր առաջացել թոքերում, բայց դեպքը մահացու չէր եղել: Մարտի 10-ին Դանիայում իշխանությունները հայտնեցին, որ պատվաստանյութի ընդունումից հետո մեկ անձի մոտ թրոմբ է առաջացել և վերջինս մահացել է:

Պատվաստանյութի կիրառումը դադարեցվեց 18 երկրում, այդ թվում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Նիդեռլանդներում, Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և այլ երկրներում:

Մարտի 18-ին Դեղերի եվրոպական գործակալությունը ուսումնասիրությունից հետո հայտարարեց, որ պատվաստանյութի օգտակարությունն ընդդեմ կորոնավիրուսի (որն ինքնին կարող է մահացու թրոմբոզի պատճառ դառնալ) գերազանցում է կողմնակի ազդեցության ռիսկը: Բացի այդ, ըստ ուսումնասիրության, պատվաստանյութն ուղղակիորեն կապված չէ այն ընդունողների մոտ թրոմբոզի աճի հետ:

Գործակալությունը նաև հայտնում էր, որ մարտի 16-ի դրությամբ Եվրոպայում «AstraZeneca»-ով պատվաստվել էր արդեն 20 միլիոն մարդ, սակայն թրոմբերի առաջացման միայն 25 դեպք է գրանցվել։ 

Մարտի 19-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրեց սեփական հետաքննության արդյունքները: Ըստ դրա՝ «AstraZeneca»-ի պատվաստանյութը շարունակում է ունենալ վարակը կանխելու և մահերը կրճատելու հսկայական ներուժ: Եվ դրանով պատվաստվելը չի նպաստել թրոմբոզի տարածվածության ընդհանուր աճին։

«Թրոմբոէմբոլիայի հաճախ առաջացման մասին եղած տվյալները չեն գերազանցում այդպիսի պաթոլոգիական պայմանների առաջացման դեպքերի ակնկալվող քանակը: Դրանք կարող են առաջանալ նաև Քովիդ-19 հիվանդության արդյունքում: Պատվաստումից հետո թրոմբոզի դեպքերը սպասվածից ցածր են»,- նշված է ԱՀԿ-ի եզրակացության մեջ:

Ինչ վերաբերում է Եվրոպայում արձանագրված դեպքերին, երբ թրոմբն առաջացել էր գլխուղեղում, ԱՀԿ-ն չէր հայտնաբերել որևէ կապ դրանց և պատվաստման միջև: 

Պատվաստանյութը կրկին օգտագործվում է

Դեղերի եվրոպական գործակալության հետազոտությունից հետո եվրոպական երկրների մեծ մասում պատվաստանյութի կիրառումը վերսկսվեց:

Գերմանիայում, օրինակ, որոշում է կայացվել, որ  «AstraZeneca»-ով կթույլատրվի միայն 60-անց քաղաքացիների պատվաստումը: Մարտի 31-ին հենց այս պատվաստանյութի առաջին դեղաչափն է ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: 

Հյուսիսային Եվրոպայի երկրներում, սակայն, արձագանքը միանշանակ չէր: Ֆինլանդիայում, Շվեդիայում և Իսլանդիայում «AstraZeneca»-ի կիրառումը թույլատրվում է միայն մեծահասակների համար, իսկ Դանիայում և Նորվեգիայում այն չի կիրառվելու առնվազն մինչև ապրիլի կեսերը:

Ապրիլի 7-ին արդեն Դեղերի եվրոպական գործակալությունը հրապարակեց երկրորդ եզրակացությունը, ըստ որի՝ արյան թույլ թրոմբոցիտներով պայմանավորված արտասովոր մակարդուկները «AstraZeneca»-ի հազվադեպ կողմնակի ազդեցություններից է: Սակայն կազմակերպությունը վերահաստատում է, որ պատվաստանյութի օգտակարությունը գերազանցում է կողմնակի ազդեցությունից առաջացած բարդությունները: 

Պատվաստումից հետո թրոմբոզների առաջացման խնդիրը շարունակվում է ուսումնասիրվել գիտնականների կողմից:

Ինչ պատվաստանյութեր է ձեռք բերել Հայաստանը

COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռք բերման նպատակով Առողջապահության նախարարությունը 2020 թ. սեպտեմբերին միացել է «COVAX FACILITY» նախաձեռնությանը, որը համակարգում են Առողջապահության համաշխարհային կառույցը, ՅՈւՆԻՍԵՖ-ը և այլ միջազգային կառույցներ: Հարթակի նպատակն է «COVID-19 պատվաստանյութերով ապահովել առավել կարիքավորներին՝ անկախ նրանից, թե ովքեր են և որտեղ են ապրում»:

«AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, Հայաստան է ներկրվել 2020 թ. մարտի 28-ին:

Ապրիլի 12-ին կայացած ասուլիսի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ ավարտին է հասցվում ամերիկյան «Novavax» պատվաստանյութի ձեռքբերումը: Հայաստանը Չինաստանի կառավարության հետ ունի նախնական համաձայնություն՝ դոնորության շրջանակում Հայաստանին պատվաստանյութ տրամադրելու վերաբերյալ:

Բացի այդ, Հայաստանը երկկողմանի պայմանագրեր ունի ՌԴ-ի հետ, և արդեն իսկ կնքված պայմանագրի արդյունքում Հայաստան է բերվել «Sputnik V»  պատվաստանյութի 15 հազար դեղաչափ, որը նախատեսված է 7500 հոգու համար։ 

Առողջապահության նախարարության որոշման համաձայն՝ «AstraZeneca»-ի դեղաչափեր կարող են ստանալ միայն 65 և բարձր տարիքի քաղաքացիները, 55-ից բարձր բուժաշխատողները և քրոնիկ հիվանդները, ինչպես նաև սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները:

18-54 տարեկան բուժաշխատողները, ինչպես նաև մինչև 54 տարեկան քրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները կստանան «Sputnik V»-ի դեղաչափեր:

Այսպիսով, թեև մարտի սկզբին մի շարք երկրներ ժամանակավորապես դադարեցրել են  «AstraZeneca»-ի կիրառումը, հետագա ուսումնասիրությունները պարզել են, որ պատվասվածներից միայն չնչին մասի մոտ է առաջանում թրոմբոզ, և դրա օգտակարությունը գերազանցում է կողմնակի ազդեցությունից առաջացած բարդությունները: 

Լուսինե Ոսկանյան

Fip.am