Հնարավոր կլինի վերահսկել բռնարարի տեղաշարժը, ժամանակին կանխել բռնության կրկնությունը․ իրավապաշտպանը՝ նոր նախագծի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է ընտանեկան բռնության զոհի և բռնարարի մոտ էլեկտրոնային հսկողության սարք տեղադրել։ Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը։

– Հստակեցնենք, որ հարցը վերաբերում է ոստիկանության կողմից կիրառված պաշտպանական որոշումների կատարելիությանը, այսինքն՝ թե ինչպես են կատարվում այդ որոշումները ու արդյոք իսկապե՞ս հնարավոր է լինում բռնարարին հեռու պահել բռնության ենթարկվողից։ 

Մինչ այժմ ոստիկանությունը մուտք էր գործում ընտանիք, տեսնելով բռնության դեպքը, գնահատելով այն, որի արդյունքում վեր էր հանում բռնության կրկնության վտանգը, կիրառում էր անհետաձգելի միջամտության որոշում։ 

Որոշման կիրառումից հետո ոստիկանությունն այլևս որևէ հստակ գործիք չուներ, որպեսզի կարողանար վերահսկել կատարման ընթացքը։ Վերահսկողությունը կատարվում էր հետևյալ կերպ. բռնության ենթարկվող անձը զանգահարում էր ոստիկանություն, ասում էր՝ դուք կիրառել եք այդ որոշումը, բայց ես հիմա տեսնում եմ, որ նա իմ աշխատանքի վայրում է։ 

Ոստիկանությունն էլ ապացուցող փաստեր էր պահանջում՝ ֆոտո, նշիր ժամն ու տեղը և այլն, ինչը շատ էր բարդացնում վիճակը, երկրորդը՝ վտանգավոր էր իրավիճակը, որովհետև մինչև ոստիկանությունը նույնիսկ հասներ այդտեղ, բռնության ռիսկը շատ բարձր էր, էլ չեմ ասում, որ հնարավոր էր նաև կնասպանության դեպք։ 

Այս նախագծի միջոցով հնարավոր կլինի վերահսկել թե՛ բռնարարի տեղաշարժը, այն առումով, թե որքանով է նա խախտել ոստիկանության որոշումը, թե՛ հնարավոր կլինի ժամանակին կանխել բռնության կրկնությունը։

– Իսկ սա դժգոհության առիթ չի՞ հանդիսանա նույն բռնարարի համար, ու արդյոք չկա՞ իրավունքի խախտում օրենքի այս նախագծով։

– Բացարձակ իրավունքի խախտում չէ, որովհետև եթե անձը սպառնում է մեկի կյանքի ու առողջության իրավունքին, ոստիկանությունը պարտավոր է պաշտպանել այդ մարդու կյանքի իրավունքը։ Այսինքն՝ եթե անձը այն բարձր վտանգավորության աստիճանի է, որ կարող է բռնություն գործադրել, այդ թվում՝ այնպիսի բռնություն, որը կարող է կյանք արժենալ ու առողջություն, ուրեմն ոստիկանությունը պետք է գործիքներ կիրառի այդ բռնությունները կանխելու։ 

Դժգոհություններ կլինեն բռնարարների կողմից, որովհետև դա կդիտարկեն իրենց իրավունքների սահմանափակում, բայց եթե ոստիկանությունը որոշում է կայացրել, որ պիտի սահմանափակվի նրա տեղաշարժը, ու նա չպետք է մոտենա բռնության ենթարկվածին, ուրեմն դա պետք է իրականացվի, իսկ իրականացման վերահսկողության մեթոդը էլեկտրոնային սարքն է։

– Դե ստացվում է, որ բռնարարի ողջ քայլերը վերահսկողության տակ են լինում։

– Այդտեղից եզրահանգում՝ թող բռնություն չգործադրեն և լինեն ազատ ու անվերահսկելի։ Ես ցանկանում եմ ընդգծել, որ դա միանգամից չի կիրառվում, ոստիկանությունը մինչև անհետաձգելի միջամտության որոշում կայացնելը դեպքի բավական լուրջ գնահատում է կատարում, ու միայն կրկնության վտանգի պարագայում է դա տեղի ունենում, այսինքն՝ եթե բռնությունը բավարար աստիճանի վրա չէ, ու չկա դրա անհրաժեշտությունը, դա չի կիրառվում: 

Բայց պատկերացրեք, որ մեր երկրում անհետաձգելի միջամտության որոշումների կայացումը գնալով շատանում է, այն դեպքում, երբ ոստիկանությունը մեր ցանկալի չափով գենդերազգայուն չէ։ 

-Տիկի՛ն Հովհաննիսյան, կարծում եք, որ այս նախագիծը, եթե օրենքի ուժ ստանա, կնպաստի՞ նրան, որ ընտանեկան բռնության դեպքերը նվազեն։ 

– Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ, այո, որովհետև արդեն 10 տարուց ավելի է՝ նման մեթոդներ կիրառվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում և արդեն 5 տարի է՝ Վրաստանում։ Մեթոդը կարծես թե ազդել է գոնե կրկնակի կամ թեժ դեպքերի կանխարգելմանը։ Բայց ինչպես կկիրառվի մեթոդը Հայաստանում, մենք կկարողանանք մոնիթորինգի միջոցով կարծիք հայտնել որոշ ժամանակ հետո, երբ այս փոփոխությունն ուժի մեջ մտնի։ 

– Իսկ ընտանեկան բռնության դեպքերի դինամիկան ինչպիսի՞ն է։

– Դինամիկայի մասին խոսելիս առաջին հերթին պետք է նշել Կանանց աջակցման կենտրոն դիմող կանանց թվի ավելացման մասին, շահառուների թիվը բավականին աճել է, ընդ որում՝ և՛ այն շահառուների, որոնք ստանում են տարբեր տիպի աջակցություն, և՛ թե նրանց, ովքեր ապաստարանի կարիք են զգում ու տեղափոխվում ապահով տարածք։ 

Եթե ժամանակին տարեկան 50-60 կին էր տեղափոխվում ապաստարան, ապա այժմ 90-ի սահմանը հատել է, ու գրեթե 1000 շահառու է սպասարկվում տարվա կտրվածքով։ 

Փաստացի ամբողջ աջակցման կենտրոնները, որոնք 2020 թվականից գործում են տարբեր մարզերում, ունեցել են առնվազն 4000 ահազանգ։ Քննչական կոմիտեի տվյալներով եթե խոսենք, այն դեպքերը, որոնք հանցագործություններ են դիտարկվում, եթե 2021-ին քննվել է ընտանեկան բռնության դեպքերով 556 քրգործ, ապա 2022-ին՝ 960 քրգործ, այսինքն՝ աճի միտումն ակնհայտ է։ 

Ընդ որում՝ պետք նկատի ունենալ, որ քրեականացված է ընտանեկան բռնության երկու տեսակը՝ սեռականն ու ֆիզիկականը, իսկ հոգեբանական բռնությունը, անտեսումը, տնտեսական բռնությունը քրեականացված չեն, այսինքն՝ Քննչական կոմիտեն իր վիճակագրության մեջ որևէ կերպ չի արտացոլում այս դեպքերը։

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am