Ադրբեջանի ՊՆ-ը ռուս խաղաղապահներից պահանջնում է վերջ դնել հայկական ԶՈւ-ի տեղակայմանը Արցախում․ Factor.am

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայկական կողմին մեղադրում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման մեջ, հերթական անգամ սպառնալիքներ է հնչեցնում ու նաև պահանջներ ներկայացնում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին, գրում է Factor.am-ը։

«Ամբողջովին չի ապահովվում Հայկական զինված ուժերի դուրսբերումը «Ադրբեջանի տարածքից», որտեղ ժամանակավոր տեղակայված են ՌԴ խաղաղապահ ուժերը՝ համաձայն 2020-ի նոյեմբերի 10-ի Ադրբեջանի նախագահի, ՌԴ նախագահի ու Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության։ Վերջին օրերին Հայաստանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարությունը ու իր զինված ուժերի անձնակազմերին տեղափոխում «Ադրբեջանի տարածք», որտեղ ժամանակավորապես ՌԴ խաղաղապահներն են տեղակայված, հայկական նոր դիրքեր է տեղակայում Մխիթարաշեն, Շոշ բնակավայրերի, ինչպես նաև Քարվաճառի ու Լաչինի վարչական սահմանների արևելյան ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանական կողմը նաև մեջբերում է նաև ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ ուժով կանխելու Ադրբեջանի ցանկացած ոտնձգություն Հայաստանի նկատմամբ։

«Ադրբեջանական բանակը ադեկվատ միջոցներ կձեռնարկի։ Ռուս խաղաղապահները պետք է վերջ տան Հայաստանի ԶՈՒ-ի տեղակայմանը «Ադրբեջանի տարածքում» իրենց տեղակայման վայրերում»,- ասվում է հայտարարության մեջ։

Փաստացի այս հայտարարությամբ ադրբեջանական կողմը ընդունում է, որ ինքն է խախտել հրադադարն ու եռակողմ հայտարարությունը ու վերջին օրերին էլ Արցախում դիմում է տարբեր սադրանքների։ Մասնավարապես, այսօր ՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր էր կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Օգոստոսին 9-ին էլ ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարը Շոշ-Մխիթարաշեն հատվածում, հրաձգային զինատեսակներից զատ կիրառելով նաև հակատանկային նռնականետ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ։