«Մեր վերջին բոլոր պարտությունները մշակույթի, գիրք կարդալու վրա թքած ունենալու, կարդացած մարդկանց արհամարհելու հետևանք են». Արքմենիկ Նիկողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը

Պարո՛ն Նիկողոսյան, եթե գեղարվեստորեն ներկայացնելու լինեք մեր այսօրվա իրականությունը, ինչպե՞ս կբնութագրեք։

– Ինչո՞ւ գեղարվեստորեն, երբ կարելի է պարզ բառերով էլ տալ այդ բնութագրումը։ Եթե ընդհանրապես տեղի ունեցողին նայենք, Հայաստանն այսօր գտնվում է ծանր իրավիճակում, բայց ես հակված չեմ օգտագործելու օրհասական, ծանրագույն, մահվան շեմին ու այս տեսակ բնութագրումներ, որովհետև հավատում եմ՝ Հայաստանը երբեք չի կործանվելու, ուղղակի Հայաստանի ու հայ ժողովրդի համար հերթական ծանր ժամանակներն են։

Սա հետևանքն է այն բանի, որ մենք, ըստ էության, աշխարհի այսպես ասած ամենաչդաստիարակվող, պատմությունից դասեր չքաղող ժողովուրդն ենք և, ունենալով հազարամյակների պատմություն, նմանատիպ իրավիճակները կանխատեսելու ու կանխարգելելու հսկայական փորձ, այնուամենայնիվ, գնում ենք դրանք կրկնելու ճանապարհով, ունենալով այդ սխալները շտկելու, դրանք ուղղելու, մեջքը շտկելու հազարամյակների փորձ՝ էլի անում ենք միևնույն սխալները։

Եթե իսկապես կարողանանք այս ծանր ժամանակները հաղթահարել, ապա որքան էլ խոսքս պարադոքսալ հնչի, ապագայում այս ժամանակները կհամարվեն նաև մեր ժողովրդի համար վերածննդի հնարավորության ժամանակներ, եթե կարողանանք ճիշտ օգտվել այս պահից։ Ես համարում եմ, որ սա մեր պատմական ժամանակներից է, որից մենք կարող ենք դրականը քաղել։

Ո՞րն է այդ դրականը։

– Տեսեք, ես գուցե հիմա բաներ ասեմ, որոնք ականջահաճո չեն լինի, բայց մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ վերջապես հնարավորություն ունենք պատրանքաթափ լինելու և մեր քաղաքական կողմնորոշումները, գաղափարախոսությունները կառուցելու ըստ դրանից հետո ձևավորված ռեալության՝ առանց մեծ-մեծ պատրանքների։

Մեր բախտը բերել է, ինչ-որ մի պատմական ժամանակաշրջանում մեր ժողովուրդն ունեցել է ծովից ծով Հայաստան, ու դա այսօր դարձել է սևեռակետ ցանկացած հայի համար, մեր բախտը բերել է, որ պատմության քառուղիներում բազմիցս կորցրել ու վերականգնել ենք թագավորություններ, ու դա դարձել է սևեռակետ։ Եվ մեզ թվում է, թե դա միշտ կարող է այդպես լինել, եթե անգամ ձեռքներս ծալած նստենք:

Այս ժամանակները այդ առումով են շատ կարևոր. վերջապես գոնե կգիտակցենք, թե ինչ աշխարհում ենք ապրում, ինչ հարևաններ ունենք, ինչ մարտահրավերներ կան։ Մանավանդ որ, մեր գրականությունը, եթե գանք իմ սիրած ոլորտին, հազարամյակների ընթացքում մեզ մշտապես ասել է՝ ինչ է լինելու, մշտապես դաստիարակել ու սովորեցրել է, բայց մենք, մեծ հաշվով, առանձին անհատներին չհաշված, չենք կարդացել կամ կարդացել ենք, բայց այսպես ասած շան տեղ չենք դրել, որովհետև մեզ համար կարևորը ծովից ծով Հայաստանի ֆենոմենն է։

Հուսով եմ, որ այս ժամանակները այդ առումով կլինեն մեկնակետային, այսինքն՝ սթափ կլինի մեր ժողովրդի ոչ թե մի ընտրյալ հատված, այլ՝ ընդհանրապես բոլորը կամ մեծագույն հատվածը։

– Անցյալի որոշ դրվագներ հիշեցնելիս, պարո՛ն Նիկողոսյան, ասացիք, որ մեր բախտը բերել է։ Բախտներս է բերե՞լ, թե՞ այն ժամանակվա հասարակությունը, իշխանությունները այ ձեր ասած դաստիարակված են եղել, ինչի շնորհիվ էլ ունեցել ենք նման հաջողություններ։

– Մեր պատմության ընթացքը գնահատում եմ այսպես․ մեր ժողովուրդը մշտապես ունեցել է ընտրյալ անհատներ, որոնք եկել են, ամեն ինչ արել են ժողովրդի ու հայրենիքի համար, կառուցել են պետություն, հետո՝ որոշակի հաջող ու խաղաղ ընթացքից հետո, հասարակությունն ընկել է թմբիրի մեջ, փչացրել է այդ կառուցածը, քարը քարի վրա չի դրել, ու այդ ամենը քանդվել է։

Հետո՝ մի 50-60 կամ 100 տարի անց, եկել են էլի ինչ-որ խելացի անհատներ ու անձնազոհության գնով վերականգնել են քանդվածը, էլի ընկել ենք թմբիրի մեջ, էլի քանդել ենք, հետո էլի եկել են խելացի մարդիկ ու կառուցել, ու այդպես շարունակ։ Մեր պատմության ամբողջ ընթացքը այսպես է, դրա համար մեր պատմությունը, մեծ հաշվով, մեր անհատների պատմությունն է․ Տիգրան Մեծի պատմությունն է, Պապ թագավորի, Արշակի, Վարդան Մամիկոնյանի, Թեոդորոս Ռշտունու, Աշոտ Բագրատունու, Դավիթ Բեկի, Արամ Մանուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Մոնթեի պատմությունն է:

Ըստ էության, մենք, ավելի քան մեկ այլ ժողովուրդ, անհատներից մեծապես կախված ժողովուրդ ենք։ Մենք հիմա էլի այդ գործընթացի մեջ ենք: Ղարաբաղյան շարժման ոգևորության ալիքի վրա եկան ձևավորվեցին, առանձնացած անհատներ, մենք հաղթեցինք Արցախյան առաջին պատերազմում, մեր երրորդ հանրապետությունը կայացավ, հետո մենք ընկանք թմբիրի մեջ, կորցրեցինք շատ-շատ արժեքների նկատմամբ զգացողությունը ու այսպես ասած վարի տվեցինք այդ ամենը։

Վստահաբար, անհատներ այսօր էլ կան, ու իրենք իրենց տեղում աշխատում են, ու պարտադիր չէ, որ իրենք ընդդիմադիր լինեն, իշխանական լինեն, ամբիոններից ճառեն, այդ մարդիկ, որպես կանոն, չեն էլ ճառում: Ու ես մեծ հույս ունեմ, որ նրանք այս ամենը կուղղեն, պետությունը մեջքը կուղղի, ավելի լավ ժամանակներ կգան:

Բայց հետո էլի չենք հիշի՝ ինչերի միջով անցանք, ինչ կորուստներ ունեցանք, հետո էլի կալարենք մի քար դնել էս պետության կառուցման գործում, ամեն մեկս մեր մասին կմտածենք, ու հետո, ինչպես միշտ, այդ կառուցածը այսպես ասած էլի վարի կտանք։

Իսկ ընդհանրապես՝ չափազանց հոռետես լինելու համար, չափազանց դաժան կանխատեսումներ անելու համար մենք այսօր ավելի քիչ պատճառ ունենք, քան նախկինում, թեպետ էլի խոսքս գուցե պարադոքսալ հնչի՝ այսքան կորուստներից, այսքան դառնություններից հետո: Լսած կլինեք, որ ասում են՝ 1920-ական թվականներն են կրկնվում, մյուսն ասում է՝ կրկին ցեղասպանության ենք ենթարկվելու և այլն։

Նման արտահայտությունները, իմ կարծիքով, չեն ընդգրկում այն գիտակցությունը, որ մենք այսօր, այնուամենայնիվ, պետություն ունենք: Մարտահրավերներով, վտանգված, թուլացած, պատերազմում պարտված, բայց, այնուամենայնիվ, անկախ պետություն: Իսկ որքան էլ դժվար լինեն ժամանակները, որքան էլ ծանր մարտահրավերների առջև կանգնած լինենք, մեր պետականության գոյության գործոնն արդեն մեր ապահովության, շարունակականության հենման կետն է։

Ես չգիտեմ՝ կա՞ աշխարհում մի ժողովուրդ, որն ունեցել է անկախ պետություն ու ցեղասպանության է ենթարկվել։ Մեր պետականության գոյությունը ինքնին մեզ պետք է լավատեսություն ներշնչի։ Մնացյալը ամենօրյա քրտնաջան աշխատանք է, որ պետք է անենք:

– Մեր իրականության մեջ ի՞նչ փոխվեց, որ մենք արժեքների հանդեպ դարձանք անուշադիր, չգնահատեցինք դրանք ու ունեցանք այն, ինչ ունենք։

– Մենք ուղղակի հերթական անգամ, հերթական հաջողություններից հետո ընկանք ոգևորության ու ապա՝ թմբիրի մեջ: Մենք այդպիսի մտածողությամբ ժողովուրդ ենք, շատ արագ ենք մոռանում կատարվածը ու դասեր չենք քաղում։ Այսօրվա դառն իրականությունը սկսվեց դեռ Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ իրական հերոսները չգնահատվեցին ու մնացին լուսանցքներում, իսկ պատերազմի մասին հեռվից լսածները կամ կինոյով տեսածները դարձան գեներալներ։

Առաջին հայացքից գուցե սա սոցիալական անարդարության փաստ է, բայց սա մեր պետության արժեհամակարգը խարխլող երևույթ է։ Մյուս կողմից՝ տարիների ընթացքում վարժվեցինք ամենատարբեր վատ երևույթների ու դրանք համարեցինք սովորական: Մենք նորմալ ենք համարել, որ, օրինակ՝ ինչ-որ գյուղում նույն մարդը 30 տարի կարող է գյուղապետ լինել՝ առանց այդ գյուղի համար որևէ օգտակար աշխատանք անելու։ Աչք փակեցինք այս ու այսպիսի բաների վրա, որովհետև մտածեցինք, որ ապահով ենք, ու երկրորդ անգամ նույն փորձանքը մեր դուռը չի թակի։

Փոխանակ մեր պետականությունն ամրացնեինք, եղածի վրա մի քար էլ մենք ավելացնեինք, սկսեցինք հանգիստ ապրել, ամենակարևոր հարցերը մոռացանք ու սկսեցինք զբաղվել երկրորդականներով։ Մեր հասարակությունը 30 տարվա մեջ, պատերազմ հաղթած լինելով հանդերձ, այդպես էլ չունեցավ որևէ մեկին, որ երեխային ասեր՝ նմանվիր նրան, մենք այդպես էլ մեր միջավայրից չկարողացանք հերոս առանձնացնել. սա իմ կարծիքով մեծ ողբերգություն է։

Եվս մեկ կարևոր խնդիր էր այն, որ եթե ունեցանք էլ հերոսներ, այսպես ասած՝ իդեալներ, դրանք հասարակության այն շերտից չէին, որ պետք էր, այլ օլիգարխներ, թաղային հեղինակություններ, էստրադային ու սերիալային այսպես կոչված աստղեր…

Արժեքային համակարգը մենք տարանք դեպի բացասականը, մեր վերջին բոլոր պարտությունները (ընդ որում՝ միայն պատերազմը նկատի չունեմ) մշակույթի, գիրք կարդալու վրա թքած ունենալու, կարդացած մարդկանց արհամարհելու, բարձր արժեհամակարգ չունենալու, դրա կարևորությունը չգիտակցելու հետևանք են նաև։

– Իսկ որ ապագայի հանդեպ ունեցած ձեր հուսադրող տեսլականը իրականություն դառնա, պարո՛ն Նիկողոսյան, ի՞նչ պետք է անի հայ ժողովուրդը, ո՞ր գրքերը կօգնեն ճիշտ ուղին գտնելու համար։

– Առաջինը՝ պետք է խելոք լինի․ ախր, գրքերը վաղուց պետք է կարդային, Խորենացու Հայոց պատմությունն ունի էս ժողովուրդը, Աբովյանի «Վերք Հայաստանին», Չարենցի «Երկիր Նաիրին», Հրանտ Մաթևոսյանի «Մեծամորն» ունի, ամենակարևոր դասերը, ընդհանրացումներն էստեղ են, էլ ի՞նչ է պետք։

Թող կարդան, իրենց տեսնեն ու իրենց սխալներն ուղղեն։ Եթե կարդան ու անհրաժեշտ հետևություններն անեն, հավատացեք՝ մեկ տարում փոփոխություններն իրականություն կդառնան։

Երբ խոսում ենք մեծ փոփոխությունների մասին, մեզ թվում է, թե դրանք անպայման անում են Պուտինն ու Էրդողանը կամ Մակրոնը Փաշինյանի կամ մյուսի հետ։ Փոփոխություններն իրականում անում են հասարակությունները, եթե ուզում են, բայց հասարակությունները պետք է խելացի լինեն, որ կարողանան դա անել կամ առնվազն փոփոխությունների այսպես ասած՝ պահանջարկ ձևավորել։ Թե չէ իշխանություններին ի՞նչ կա: Նրանց համար միշտ կոմֆորտ զոնա է, որովհետև եթե իշխանություն ես, ապա ամենաքիչն ես հակված փոփոխության:

Երբ հասարակության մեջ ընդհանուր բարիքի գիտակցումը համատարած մտածողություն է դառնում, բոլոր խնդիրները լուծվում են շատ ավելի հեշտ: Իսկ դրա համար էլ հասարակությունը պետք է կարդացած և զարգացած լինի։ Իսկ վերջին 30 տարվա ընթացքում ամեն ինչ արվել է, որպեսզի մենք չկարդանք, անճաշակ լինենք, որպեսզի միայն անճաշակ սերիալներ նայենք ու կարդանք ինչ-որ հիմար բաներ։ Երբ ասում ենք՝ կարդացեք, կրթվեք, թվում է՝ պաթետիկ բաներ ենք ասում, բայց երբ արհամարհում ես այս ամենն ու իրական արժեքները, ապա դժվար ժամանակները անպայման քո դուռն են թակելու։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am