Երևանի ավագանու անդամի առևանգման հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարե Հայրապետյանի առերևույթ առևանգման վերաբերյալ ստացվել է հաղորդում, որի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա նշեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձին առևանգելու հանցակազմով։

«Իրականացվում են քննչական, վարութային ակտիվ գործողություններ՝ հաղորդման մեջ նշված տեղեկությունները քրեական վարույթի շրջանակներում համակողմանի ստուգելու, իրականությունը պարզելու նպատակով։ Ոստիկանությանը տրվել է համապատասխան հանձնարարություն՝ քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ»,- ասաց Աբրահամյանը։

«Մայր Հայաստան» դաշինքն ավելի վաղ հայտնել էր, որ Նարե Հայրապետյանը ենթարկվել է առևանգման։ «Առևանգիչներն, ըստ Հայրապետյանի, ներկայացրել էին վերջինիս հասարակական-քաղաքական գործունեության վերաբերյալ պահանջներ և զգուշացումներ։ Նարե Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում է տվել ոստիկանություն»,- նշված է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։