Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և անսասանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:

Պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան արարողություն։ Հոգևորականաց դասն աղոթք է բարձրացրել առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:

Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելել են նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։