«Պահ է գալիս, որ մտածում ես՝ ելք չկա, այլևս ուժ չունեմ, ու միակ բանը, որ ուզում ես, գնալ-մեռնելն է»․ բուլինգը եւ հալածանքը՝ դպրոցներում

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյան

«Դպրոցում օրենք կա՝ կա՛մ դու ես հալածում, կա՛մ քեզ են հալածում։ Եթե այս ընտրությունը քեզ համար չէ, ապա դու ընտրում ես լուռ դիտողի դերը, որի գոյության մասին հաճախ դասարանում չեն էլ հիշում։ Ես երբեք անտարբեր չեմ անցնում, որովհետև ուղղակի չեմ կարողանում։ Հաճախ, երբ տեսնում եմ, որ որևէ մեկին հալածում են, գնում եմ, խառնվում, փորձում եմ պաշտպանել։ 

Երբեք չեմ վախենում, որ ինձ էլ կթիրախավորեն, որ ինձ էլ կհալածեն կամ որ հետևիցս ինչ-որ բան կասեն։ Ես ուղղակի գիտեմ, որ այդ մտքերն արժանի չեն, որ ես անդրադառնամ դրանց։ Դրանք ցածր, ստոր մտքեր են։ Դրանք ինձ վնասել չեն կարող։ Ես ուղղակի հստակ գիտեմ՝ այս ընտրության մեջ ես երբեք չեմ ընտրի բռնարարի դերը»,- ասում է 17-ամյա Անին, որի համար, սակայն, բուլինգի հետևանքների հաղթահարումը դժվար ու երկար ճանապարհ է եղել։

Բուլինգը միտում կամ նպատակ ունեցող, շարունակական, թիրախային հալածանքն է, որը հատկապես տարածված է դպրոցականների և դեռահասների շրջանում։ Դպրոցը սովորաբար բուլինգի համար ամենանպաստավոր միջավայրն է դառնում՝ մեծահասակների աչքից հեռու կամ նրանց լուռ համաձայնությամբ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն՝ աշխարհում 13-15 տարեկան աշակերտների կեսը՝ 150 մլն երեխա, ասել է, որ դպրոցում կամ դպրոցի տարածքում հասակակիցների կողմից բռնության՝ բուլինգի է ենթարկվել: Հայաստանում նման վիճակագրություն չի վարվում։

«Գեր ես՝ ծաղրում են, չափազանց նիհար ես՝ ծաղրում են, ակնոց ես դնում՝ ծաղրում են։ Եթե անգամ արտաքնապես որևէ կերպ չես տարբերվում մյուսներից, միևնույն է, մի բան կգտնեն, կծաղրեն, կհալածեն։ Նոր էի տեղափոխվել նոր դպրոց և աշխատում էի ամեն ինչ ճիշտ անել՝ չուշանալ, հագնվել ընդունված կարգի համաձայն, այդքանը։ Դա իմ նկատմամբ հալածանքի պատճառ դարձավ։ Պարզվեց, ես այնքան «կռուտոյ» չեմ, որքան մյուսները, չեմ կարող կարգ խախտել»,- հիշում է Անին։

Նա համոզված է՝ դպրոցում այս կամ այն երեխայի նկատմամբ շարունակական հալածանքի մասին ուսուցիչները միշտ տեղյակ են, բայց, որպես կանոն, որևէ կերպ չեն միջամտում, հաճախ անգամ համաձայնություն դրսևորելով բռնարարների նկատմամբ։ Օրինակ՝ իրենք ևս սխալ են համարում, որ տղան դպրոց գա երկար մազերով, և այդ մասին արտահայտվում են դասարանում, ինչը ուղղակի թույլտվություն է դիտարկվում բռնարարի համար։

Արտաքնապես տարբերվելու հետևանքով բուլինգը Անիի համար ամենասարսափելին չէ։ Ասում է՝ դա այդպես չի կոտրում, ինչպես հոգեբանական նվաստացումը:

«Մի անգամ դասի ժամանակ մեր ուսուցիչը դասընկերներիցս մեկին դիտողություն արեց հագուստի պատճառով։ Բոլորը գիտեին, որ նրանք սոցիալապես անապահով ընտանիք են։ Եվ ուսուցիչը բոլորի ներկայությամբ ուղղակի ասաց. «Քեզ նոր հագուստ գնի, եթե չեք կարող, ես փողը կտամ»։ Պատկերացնել անգամ չեք կարող, թե ինչ սկսվեց դրանից հետո»,- հիշում է նա։

Անին ասում է՝ ինքը հասկանում է, որ ուսուցչի գործը չափազանց բարդ է, նյարդային, լարված, բայց դա չի կարող արդարացում լինել՝ երեխաներին նվաստացնելու կամ վիրավորելու համար։ Ուսուցիչների անգործությունն ու անտարբերությունը Անիի դեպքում հանգեցրին լուրջ հետևանքների:

«Վերջին անգամ դասընկերներս ինձ տարան անկյուն, այնքան հրեցին, որ ընկա գետնին։ Հարձակվեցին ինձ վրա, սկսեցին դեն նետել գրքերս ու տետրերս, հարվածել ինձ։ Այդ պահին ես հասկացա, որ ես այլ ելք չունեմ, քան ինքս ինձ պաշտպանելը։ Ես ուղղակի վեր կացա ու սկսեցի հարվածել։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ ուսուցիչներս այնքան չմիջամտեցին, որ ես ստիպված եղա բռունցքներով լուծել այդ հարցը, բայց գիտեմ, որ դա վերջին դեպքն էր, երբ դասընկերներս համարձակվեցին ինձ հարվածել։ Երբ հասկացան, որ ես հրաժարվում եմ զոհ լինել, ուղղակի դադարեցին անել դա»,- ասում է Անին։

Ըստ նրա՝ հաճախ, սակայն, ուսուցիչների անտարբերությունը ամենափոքր վատությունն է, որ նրանք կարող են անել երեխային: Երբեմն, երբ որոշում են միջամտել, վիճակն ավելի է սրվում։ 

Հաճախ նրանք չեն հետաքրքրվում հալածվող կամ բռնարար երեխաներով, չգիտեն՝ ի՛նչ վիճակ է նրանց տներում, ընտանիքներում, տեղյակ չեն՝ արդյոք նրանք ընտանիքում և՞ս բռնության չեն ենթարկվում։ 

Նման դեպքերում դպրոցից ստացված մեկ զանգն անգամ կարող է տանը, ընտանիքում շատ լուրջ խնդիրներ առաջացնել, որովհետև զանգի նպատակը օգնելը չէ իրականում, այլ պատասխանատվությունը ընտանիքի անդամների վրա թողնելը։ Իսկ ընտանիքները տարբեր են լինում։ Եթե անգամ տանը բռնություն չկա, ուսուցիչների շարունակական բողոքները տանը երեխայի նկատմամբ անվստահություն են առաջացնում։

Անին դժվար է խոսում դասընկերոջ հետ կատարվածի մասին։ Ընդունելության քննությունների պատրաստվող պատանին ուղղակի սկսել էր թերանալ դպրոցում։ Անին ասում է՝ ֆիզիկապես հնարավոր չէ հասցնել ամեն բան՝ և՛ հավելյալ պարապմունքները, և՛ դպրոցական ծանրաբեռնվածությունը։ Ուսուցիչների շարունակական բողոքները, դրա հետևանքով տանն առաջացած լուրջ խնդիրները Անիի դասընկերոջն ուղղակի հասցրել էին կամրջի ծայրին, որից արված վերջին քայլը միակ լուծումն էր թվացել նրան:

«Բարեբախտաբար, նրան հասցրել էին փրկել, բայց սարսափելի է միտքը, թե որքան կարելի է հալածել երեխային, որ նրա համար իր ստանձնած պարտավորություններին, իր նկատմամբ հալածանքի, անվստահության, դժգոհությունների վերջը տալու միակ տարբերակն այդ քայլն է մնացել։ Նա ուղղակի այլ լուծում չէր տեսել։ Նա ուղղակի ցանկացել էր, որ այդ ամենն ավարտվի։ Պահ է գալիս, որ մտածում ես՝ ելք չկա, այլևս ուժ չունեմ, ու միակ բանը, որ ուզում ես, գնալ-մեռնելն է։ Բայց եթե այդ պահը հաղթահարում ես, հասկանում ես, որ միշտ ելք կա, միշտ լուծում կա։ Ուղղակի չի կարելի մարդկանց հասցնել այդ վիճակին, որ մահը միակ ելքը թվա»,- ասում է Անին։

Շարունակական հալածանքը ուսումնական հաստատությունում կարող է հոգեբանական լուրջ խնդիրների առաջացման պատճառ դառնալ՝ ընկճախտից մինչև ինքնասպանություն:

«Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» հետազոտության համաձայն՝ դեպրեսիայի նշաններ՝ հուսահատություն, հուսալքություն, խնդիրների լուծման անկարողություն, համաձայն հարցումների, ունեցել է 11-15 տարեկանների 21%-ը, 17 տարեկանների խմբում` 32%-ը:

Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն՝ 2016 թ. ինքնասպանություն է գործել 5 անչափահաս, ևս 5-ը ինքնասպանության փորձ են արել։

2017-ին ինքնասպանություն է գործել 7 անչափահաս, ինքնասպանության փորձ՝ 21-ը։ 2018 թ. ինքնասպանություն գործած անչափահասների թիվը նույնն է՝ 7 անչափահաս, կյանքին վերջ տալու փորձ է կատարել 12 երեխա։ 2019 թ․ ինքնասպանությունների թիվը 1 է, սակայն ավելացել է ինքնասպանության փորձ կատարողների թիվը՝ 16։ 2020-ին ինքնասպան է եղել 5 երեխա, փորձ կատարել՝ 12-ը։ 2021–ին ինքնասպանություն է գործել 5 անչափահաս, ինքնասպանության փորձ է կատարել 12–ը։ 2022 թվականի տվյալները դեռեւս հասանելի չեն:

Ըստ Քննչական կոմիտեի տվյալների՝ անչափահասին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերի առթիվ 2016 և 2017 թթ․ քննվել է 6-ական գործ, 2018 թ․՝ 3, 2019 թ․՝ 5, 2020 թ․՝ 3 քրեական գործ։ 

Հոգեբան, հոգեթերապևտ Մարի Ամիրխանյանն ասում է՝ բուլինգը՝ որպես երևույթ, որտեղ միտումից բացի պարտադիր առկա է նաև ուժերի անհավասարություն, կարող են վերացնել միայն մեծահասակները․ երեխան, ով բռնարար-զոհ-դիտորդ արատավոր շղթայի օղակ է դարձել, այն ինքնուրույն կոտրել չի կարող:

«Շարունակական հալածանքի են ենթարկվում այն երեխաները, որոնք ունեն ընդգծված զգայունություն, որոնք երբևէ ցույց են տվել իրենց թույլ կողմերը, որոնց հուզական վիճակն ավելի բուռն դրսևորումներ է ունեցել։ 

Սա այն երևույթներից է, որոնք ավելի հեշտ է կանխել, քան հետո աշխատել հետևանքների հետ, որովհետև, ըստ էության, այս դեպքում աշխատանքի, աջակցության կարիք ունենում են դրանում ներգրավված բոլոր կողմերը՝ բռնարարը, զոհը, դիտորդը։ Բուլինգի կանխման համար շատ կարևոր է, որ երեխան կիսվի իր համար վստահելի մեծահասակի հետ։ Պարտադիր չէ, որ դա լինեն ծնողները, որովհետև հաճախ հենց ծնողներն են դառնում պատճառ, որ երեխան բռնարար կամ զոհ դառնա»,- ասում է հոգեբանը։

«Երեխաների կարծիքով…» 2017 ուսումնասիրության համաձայն՝ դպրոցում կամ այլ ուսումնական հաստատությունում բուլինգի կամ շարունակական հալածանքի ենթարկվող երեխաներն ու պատանիները ծնողների հետ խոսելու, կիսվելու խնդիր են ունենում: Անցումային տարիքում դա ավելի ակնհայտ է դառնում: Բուլինգի ենթարկվող երեխաների 60%-ն ընդհանրապես այդ մասին չի ասում ծնողներին:

Ըստ հոգեբանի՝ բուլինգի կանխարգելման համար միայն կոնֆլիկտի կողմերի հետ աշխատանքը բավարար չէ․ պետք է միջավայրի պատրաստվածություն։ Դրան նպաստում են խմբային պարապմունքները, երեխաների և ուսուցչական անձնակազմի հետ աշխատանքները։ Սակայն, անգամ այն դեպքում, երբ ամեն ինչ ճիշտ է արվել, հնարավոր են բուլինգի դեպքեր:

«Այստեղ շատ կարևոր է, որ երեխան հստակ հասկանա, որ մեծահասակներին դիմելուց հետո իրեն կօգնեն, ճիշտ կհասկանան։ Մեծահասակները ևս պետք է պատրաստ լինեն այդ զրույցին, որովհետև երբեմն նրանց միջամտությամբ խնդիրը լուծելու փոխարեն ավելի է արմատավորվում։ Հաճախ լինում են դեպքեր, երբ երեխան ակամայից զոհից մեղավորի է վերածվում։ Օրինակ՝ երբ հալածանքի պատճառը երեխայի գիրությունն է, մեծահասակները նրան ասում են՝ «նիհարիր, որ քեզ այլևս չծաղրեն»։ Նման դեպքերում երեխան բացարձակ անպաշտպան է մնում բռնարարի մոտ»,- բացատրում է հոգեբանը։

Ըստ նրա՝ հոգեբանի հաճախ դիմում են ոչ միայն բռնարարն ու հալածվողը․ չափազանց տարածված է նաև դիտորդի տրավմա հասկացությունը, երբ երեխան չգիտի՝ ինչպես արձագանքել իր աչքի առջև տեղի ունեցող իրադարձությանը, ինչն էլ, որպես կանոն, բերում է անզորության զգացողություն:

«Հաճախ, երբ դիտորդ երեխան դիմում է մեծահասակներին, նրան ասում են՝ եթե չեք կարողանում հարթել խնդիրը, ուղղակի անտեսեք այն։ Երեխան սկսում է անտեսել իր շուրջը կատարվող բռնությունը։ 

Իրեն թվում է, որ եթե ինքը դրա մասին պատմի որևէ մեկին, իրեն կհամարեն խաբարբզիկ կամ սուտասան, որ օգնության համար դիմելը թուլության նշան է։ Այդպիսով երեխան չի կարողանում վերաբերմունք ձևավորել իր շուրջը կատարվող անարդարության նկատմամբ և ինքն իրեն անզոր ու անօգնական է համարում։ Մենք բոլորս խնդիր ունենք տեղեկացված լինելու, արձագանքելու, որովհետև միտքը, որ դու քիչ բան կարող ես փոխել, անելանելիության զգացում է առաջացնում»,– բացատրում է Ամիրխանյանը։

Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ ծնողներն ուշադրություն դարձնեն իրենց երեխաների ամենօրյա վարքին։ Այնպիսի մանրուքների, ինչպիսիք են, օրինակ՝ դպրոց գնալու ցանկության բացակայությունը, նույն մարդուց շարունակական բողոքը, անտրամադիր կամ ընկճված լինելը։ Եթե նման նախանշաններ կան, ապա առաջին քայլը, որ պետք է անեն մեծահասակները, երեխայի ներքին տագնապայնությունը նվազեցնելն է, շարունակական աշխատանքի միջոցով նրա առավելությունները շեշտադրելը:

«Սա օգնում է երեխային խնդիրը տեսնել ոչ թե իր, այլ բռնարարի մեջ։ Ոչ ոք լավ կյանքից բռնարար չի դառնում։ Երբ երեխան հստակ պատկերացում է կազմում իր սեփական անձի, իր ուժեղ և թույլ կողմերի, իր առավելությունների վերաբերյալ, նրան շատ դժվար է դառնում հալածանքի ենթարկելը։ Ես ինձ դիմող երեխաներին միշտ խորհուրդ եմ տալիս մաքսիմալ ուշադիր լինել սեփական վարքի նկատմամբ։ Մտածել՝ արդյոք ինքն իր հետ կցանկանա՞ր ընկերություն անել։ Պետք չէ կատվի համար զրնգան խաղալիք լինել, որովհետև որքան շատ ես նվաստանում, բռնարարի համար այնքան ավելի ցանկալի է դառնում բռնանալը։ Լուծումը օտար մեկի խաղը չխաղալն է»,- ասում է հոգեբանը։

Բուլինգի արատավոր շղթան հաղթահարելու ճանապարհին Անին իր համար գտել է հարցի լուծումը. նա ուղղակի գիտի՝ ոչ մի երեխա հենց այնպես բռնարար չի դառնում։ Եթե նա հալածում է այլ երեխայի, նշանակում է՝ իրեն ևս հալածում են այլ միջավայրում, հաճախ՝ տանը։ Այդ գիտակցությունը օգնում է նրան իրավիճակը տեսնել նաև բռնարարի տեսանկյունից:

«Հենց սկսեցի խնդիրը դիտարկել այդ տեսանկյունից, շատ բան ավելի պարզ դարձավ։ Վերջերս մեկը փորձեց ինձ վիրավորել։ Ես չարձագանքեցի դրան, այլ ուղղակի հարցրեցի՝ տանը քեզ անտեսո՞ւմ են, խնդիրներ ունե՞ս ծնողներիդ հետ։ Այդ պահին նա ոչինչ չասաց, անակնկալի եկավ։ Մի քանի օր հետո ինքը մոտեցավ և պատմեց, որ տանը, իրոք, խնդիրներ ունի։ Դա նրա կողմից օգնության ճիչ էր։ Վատ դրսևորմամբ իհարկե, բայց՝ ճիչ»,- ասում է Անին։

Սոնա Մարտիրոսյան

MediaLab.am