Մալաքյան եղբայրները ազատ արձակվեցին

Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրից քիչ առաջ ազատ արձակվեցին Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես եկած ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյանները, որոնք ձերբակալվել էին օգոստոսի 30-ին Երևանի կենտրոնում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով։

Նրանք հրաժարվեցին դեպքի վերաբերյալ մանրամասներ հայտնել, ասացին, որ քննությունը կպարզի կատարվածը և շնորհակալություն հայտնեցին իրենց աջակիցներին, ովքեր այս օրերի ընթացքում իրենց կողքին են եղել։

Նշենք, որ նրանց առաջադրվել է մեղադրանք իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Ըստ մեղադրանքի, օրեր առաջ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները նկատել են կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող ավտոմեքենան և բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ: Վարչական իրավախախտման փաստով կազմել են արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող ֆուտբոլիստ եղբայրները, պահանջել են տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, բայց մերժում ստանալով, դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել են նրանց, պոկել ոստիկաններից մեկի ծառայողական կրծքանշանը և տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք: Նրանց են մոտեցել նաև ոստիկանության այլ ծառայողներ և ԱԱԾ քննիչներ, և ըստ մեղադրանքի վերջիններիս նկատմամբ ևս բռնություն է գործադրվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դիմել էր իրավասու պաշտոնատար անձանց՝ իր մտահոգությունը հայտնելով Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ 2020 թվականի օգոստոսի 30-ին Երևանի կենտրոնում գրանցված միջադեպի կապակցությամբ: Իր նամակում ՀՖՖ նախագահն ակնկալել էր դեպքի անաչառ քննություն և խնդրել իրավասու պաշտոնատար անձանց քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման հնարավորությունը: