Աշակերտներին գրատախտակի մոտ կանչելն արգելվում է, դասին մասնակցում են տեղից, արգելվում է տետրեր օգտագործելը․ հրապարակվել է ուղեցույցը

Հեղինակ MediaLab

Այսօր ԿԳՄՍՆ-ն հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը։

Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ:

2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնակրթական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվում է սույն ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ:

Ուղեցույցը (http://escs.am/…/2020-…/454afb7eb76b99af6d0648ebbce916fc.pdf )պարտադիր է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից: Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։