Առանց բաղնիքի ու կոմունալ հարմարությունների, բայց հույսով. Արցախում բնակարանաշինության բում է

Գագիկ Ավագյանը Արմավիրի մարզի Լենուղի գյուղից է: 17 տարի հող է մշակել Ակնայում, որտեղ և ապրել է: Այժմ ընտանիքի հետ ապաստանել է Ստեփանակերտում: Տարածքը ոչ բնակելի է, մի կերպ հարմարեցրել են, տեղավորվել: Բաղնիք չունեն, ինչը դժվարություններ է ստեղծում հատկապես հաշմանդամություն ունեցող որդու խնամքի ժամանակ: 37-ամյա Արա Ավագյանը հաշմանդամության խումբ չունի, չեն ձևակերպել. «Միշտ կարծես ձեռներս դրան չի հասել,- ասում է մայրը՝ Վերա Եղիազարյանը: – Հիմա էլ ասում են՝ հանձնաժողովը դեռ չի ձևավորվել»:

Կացարանի համար 60 հազար են վճարում, որից 40 հազարը պետությունն է փոխհատուցում: Հույսով սպասում են, թե երբ իրենց էլ մի բան բաժին կընկնի: Առայժմ միայն վերմակ ու ներքնակ են ստացել:

Գալստյանների ընտանիքը մեկն է հազարավորներից, որ 1990-ականների սկզբից մի քանի անգամ տեղահանվել է: Ադրբեջանական «հանդուրժողականության» դառնությունը լիուլի են վայելել: Վերջին տունը, որ ստիպված էին թողնել, Նոր Այգեստանում էր: Հարազատ Չայլուի կարոտով այգի են հիմնել: Հենց պետք է վայելեին, նորից պատերազմ ու տեղահանություն: Տունը թողել են, հայրենիքը՝ ոչ: Այս անգամ Մաղավուզում են տուն ստեղծում:

«1992 թվականին սկզբում Կապան ենք տեղափոխվել, հետո հաստատվել Ստեփանակերտում: Գյուղացու համար գյուղում է հեշտ: 30 տարի տուն ենք հիմնել Նոր Այգեստանում, այս պատերազմի հետևանքով թողել այն, տեղափոխվել ենք Մաղավուզ»:

Այստեղ նրանց լավ են ընդունել, գյուղապետն է օգնել: Միայն իրենց գյուղն են կարոտում ու համագյուղացիներին, որ նույն ճակատագրին են արժանացել: Ոմանք Ստեփանակերտում են տեղավորվել, ոմանք էլ՝ Մարտակերտում ու Ակնաբերդում:

«Եթե հարմարությունը լին, եթե մեզ համար ուրիշ տուն սարքեն, կգնանք մեր համագյուղացիների մոտ, եթե ոչ՝ կմնանք այստեղ»,- ասում է Նուրվարդ Գալստյանը:

Ներքին տեղահանվածներին ուզում են հենց Մարտակերտի շրջանում տեղավորել: Ազատ բնակֆոնդ շատ ունեն, պարզապես վերանորոգման, բարեկարգման կարիք կա:

Բնակելի տներով ապահովվելու համար անօթևան մնացած քաղաքացիները պետք է հայտագրվեն: Կապվում են համայնքապետի հետ և ընտանիքի կազմի մասին տվյալներ ներկայացնում:

«Բնակարանները տրամադրվելու են անհատույց, միայն մի պայմանով: Առաջիկա 5 տարում այդ ընտանիքները պիտի բնակվեն Արցախում»,- բացատրում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը:

2000 բնակարան՝ երկուսուկես տարվա ընթացքում: Նշաձողը սահմանել է պետությունը: Շինարարությունը զօր ու գիշեր է շարունակվում: Մինչև տարեվերջ 1000 բնակարան պետք է շահագործման հանձնվի: Միայն Ստեփանակերտի կենտրոնական Թումանյան փողոցի 107/1 հասցեում 157 բնակարան է նախատեսվում:

«Շենքը բաղկացած է երկու մասնաշենքից: Առաջինը 15 հարկանի է, մի հարկը՝ ստորգետնյա, 14-ը՝ բնակելի, երկրորդ մասնաշենքը 14 հարկանի է, մի հարկը՝ ստորգետնյա, 13-ը՝ բնակելի: Նախատեսված է նաև նկուղային հարկ, որը լինելու է ապաստարան, միաժամանակ ծառայելու է որպես ավտոկայանատեղի»,- նախագիծը ներկայացնում է շինարարությունն իրականացնող կազմակերպության՝ «Միքշին» ՍՊԸ տնօրեն Աշոտ Մանուչարյանը:

Ճարտարապետ Միքայել Սարգսյանի խոսքով՝ բազմաֆունկցիոնալ շենքերում նաև առևտրի կետեր և ժամանցային հարթակներ կլինեն: Շինարարությունն իրականացվում է ներդրումային ծրագրով:

Հարևանությամբ՝ Թումանյան 82 հասցեում նոր թաղամասի շինարարությունն էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ է: Լինելու է 150 բնակարան՝ երկու, երեք և չորս սենյականոցներ:

Այս բնակարանները հանձնվելու են քաղաքի կյանքին սովոր հադրութցիներին ու Շուշիի բնակիչներին: Գյուղացիներին տեղավորելու են գյուղական բնակավայրերում:

Ասկերանի շրջանի Դահրավ և Պատարա գյուղերում շարունակում են ընդունել տեղահանվածներին: Դահրավում շինարարական եռուզեռը դեկտեմբերի կեսերից է: Համայնքի ազատ տները նորոգում, հանձնում են տեղահանվածներին: Դահրավ համայնքի ղեկավար Արշավիր Սարգսյանն ասում է, որ գյուղը այս աշխուժությունից միայն շահում է: Արդեն մոտ 2 տասնյակ ընտանիք են ընդունել: Գյուղը լքած դահրավցիները սիրահոժար իրենց տները տրամադրում են տեղահանվածներին, ասում են՝ պապական տները կշենանան:

Նոր բնակավայր է կառուցվում Աստղաշենից ոչ հեռու: Շինարարները հողային աշխատանքներ են իրականացնում: Պատրաստ լինելուն պես այստեղ կհաստատվեն Ասկերանի շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարևան Սղնախ, Ջրաղացներ, Մադաթաշեն ու Մոշխմհատ համայնքներից տեղահանվածները:

Շատերը որպես բնակության վայր Պատարան են ընտրել: Սուրեն Արզումանյանն իր պատճառաբանությունն ունի՝ այստեղ Տումիի բնության նման է: Հին բնակֆոնդի նորոգման համար այստեղ միանգամից չորս շինարարական կազմակերպություն է աշխատում:

Ինչ-ինչ, շինարարի պահանջ Արցախը շատ ունի: Առաջիկայում կմեկնարկի Պատարայի ջրամբարի կառուցումը: Մինչ այդ կասֆալտապատվի Պատարան մայրուղուն կապող ճանապարհը:

Մարինե Մկրտչյան

Արցախ

MediaLab.am