Վերջին տասնամյակում Գյումրիում իրական տեր ու տնօրենը քրեական խաժամուժն է. Ղուկասյանները շարունակո՞ւմ են սպառնալիքները

Գյումրում ստեղծված «խառը» վիճակներին է անդրադարձել «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը՝ նշելով, որ «վերջին տասնամյակում և մինչև օրս Գյումրիում իրական տեր ու տնօրենը քրեական խաժամուժն է»:
«Գյումրին նախկինում հայտնի էր որպես մշակութային քաղաք: Հասկանալի է` այստեղ են ծնվել հայ ազգի մեծ թվով արժանավոր զավակներ: Սակայն վերջին տասնամյակում և մինչև օրս Գյումրիում իրական տեր ու տնօրենը քրեական խաժամուժն է, իսկ գյումրեցիները, համենայնդեպս 99 տոկոսը, նրանց խոնարհ ծառան,-գրում է Թումասյանը:
Հիմա, որ մի փոքր շանս է ստեղծվել ապաքրեականացնելու քաղաքը, համենայնպես ինձ համար անսպասելիորեն մի խումբ ներկա ու նախկին գյումրեցիներ սկսեցին բողոքել… ու պարզ չէ, թե ինչ են ուզում: Եթե կարելի է հասկանալ, բայց չներել այլ երկրներ արտագաղթած գյումրեցիներին, որոնք կարծես պատճառ են փնտրում արդարացնելու իրենց հեռանալը, ամենևին չեմ կարողանում հասկանալ Հայաստանում բնակվող այս կարգի գյումրեցիներին»:

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հրաժարականից հետո, որի անվան հետ էին կապվում բազմաթիվ աղմկահարույց տհաճ պատմություններ, գյումրեցիները վերջապես կարող են նոր քաղաքապետ ունենալ: Սակայն, այսօր մամուլում տարածված գյումրեցիների բաց նամակը «գուժում» է, որ կրկին անգամ քաղաքում գլուխ են բարձրացրել Ղուկասյաններն՝ իրենց հատուկ միջոցներով՝ սպառնալիքներով ստիպելով մարդկանց մասնակցել ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի կազմակերպվելիք հանրահավաքին:

«Հարգելի կենտրոնական իշխանություններ, երեկ, երբ Գյումրի այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և պարզ դարձավ, որ գալիք ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի Վարդան Ղուկասյանը, Գյումրին վերածվեց մեծ համակենտրոնացման ճամբարի,-նշված է բաց նամակում:

Վերջինիս որդին` Սպարտակ Ղուկասյանը, իր շրջապատի և հոր թիկնապահների հետ միասին սկսել է ահաբեկել մարդկանց, հայտարարելով, որ ոչ ոք չի կարող իր հորը ստիպել, չառաջադրել իր թեկնածությունը: Սպարտակի գլխավորած բանդաները հենց այս պահին մարդիկ են հավաքագրում, որպեսզի վաղը և մյուս օրը բողոքի հանրահավաք կազմակերպեն քաղաքի կենտրոնական հրապարակում, ինչես որ արել էին երեկ` Հովիկ Աբրահամյանի այցի ժամանակ:

Մարդիկ վախեցած են և ստիպված խոսք են տալիս, որ անպայման կգան, բոլորին ցուցակագրում են, արդեն իսկ եղել են նաև ծեծի դեպքեր, մասնավորապես իրենց հարազատ Սլաբոտկա թաղամասում: Սպարտակը բոլորին ասում է, որ իրենք թքած ունեն Երևանում նստած ցանկացած ուժի և մարդու որոշման վրա:

Խնդրում ենք` զորք մտցրեք գյումրի, պաշտպանեք մարդկանց այդ վայրենիներից, մարդիկ սարսափած են»:

Տեղեկացնենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների, սպառնալիքները հնչում են ոչ միայն գյումրեցիների հասցեին:

Ըստ «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ի, իր ունեցած տեղեկություններով, շաբաթ կեսօրից հետո ՏԻՄ առաջիկա ընտրություններում, որպես քաղաքապետի թեկնածու առաջադրված Սամվել Բալասանյանի տանից մոտ 30 մետր հեռավորության վրա, իր զրահապատ ԲՄՎ X5 մեքենայով կանգնել ու բարձրաձայն հայհոյանքներով ու սպառնալի արտահայտություններով գոռգոռացել է կրկին Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը՝ սպառնացելով՝ «չեք վայելելու»:

Գյումրիում ծավալվող իրադարձություններին պաշտոնակապես արձագանք իրավապահ մարմինների, կամ իշխանությունների կողմից դեռեւս չեն հնչել:

© Medialab.am