Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և գնում ենք դեպի ուժեղ Հայաստան․ Ռոբերտ Քոչարյան

Այսօր  Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների քաղաքացիների հետ։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից։

«Մենք հրապարակել ենք ծրագիր, ներկայացրել ենք մեր թիմի գրեթե բոլոր անդամներին։ Մենք ունենք գիտելիքներ, ունենք կառավարման հմտություն, ապացուցել ենք դա ոչ հեռավոր անցյալում և պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել հիմա այս դժվարին պահին»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ ներկայացնելով դաշինքի ուղերձը։

«Այսօր մարդկանց հուզող հարցերը կարող եմ բաժանել 3 խմբի․ երկրի սահմանների և քաղաքացիների անվտանգության հարց. այսօր անվտանգ չէ նույնիսկ Երևանում: Տնտեսական վիճակի վատթարացում՝ գործազրկության և աղքատության աճ, ահռելի չափերի հասնող միգրացիա և հասարակության բևեռվածություն՝ բնակչության ներսում էգեներացված թշնամություն, ինչը մարդկանց մոտ անորոշության և անհանգստության զգացում է առաջացնում:

Սա էլ, իր հերթին, բերում է դեպրեսիայի և դրդում արտագաղթի։ Այս մարտահրավերները ներկայիս իշխանությունն ի վիճակի չէ լուծել, որովհետև հենց ինքն է դրանց աղբյուրը։ Ժողովուրդը կանգնած է կարևոր հարցի առջև․ քաղաքական ո՞ր թիմն է ի վիճակի այդ հարցերը լուծել։ Այդ թիմը հենց մեր թիմն է՝ «Հայաստան» դաշինքը», – ընդգծել է նա։

«Այսօր արդեն մեր թիմերում կա այն վստահությունը, որ մենք աշխատում ենք որպես իշխանություն՝ մեր աշխատանքի ոճը, համարձակությունը, միջոցառումների մասշտաբը։ Այսպիսի ծավալով և ինտենսիվությամբ և համարձակությամբ Հայաստանի իրականության մեջ կարող է գործել միայն իշխանությունը։

Մենք ենք այսօր այս օրակարգը թելադրողն ու ձևավորողը։ Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և գնում ենք դեպի ուժեղ Հայաստան», – հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա ավելացրել է, որ իր հասցեին սուտ ու կեղծիք տարածելու հարցում իշխանության գործողությունները ծայրաստիճան աբսուրդ են․ «չեմ զարմանա, որ ասեն, որ 8-րդ դասարանում 2 անգամ դասից փախել եմ»։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կարողացել է մարմնավորել միանգամից մի քանի հեքիաթների հերոսների․ ինքը և՛ ձախորդ Փանոսն է, և՛ անբան Հուռին, և՛ քաջ Նազարը»,- ասել է նա։