Ավելի քան 1 մլն 100 հազար մարդու կամ աշխատավարձ, կամ թոշակ, կամ նպաստ ավելացել է. ՀՀ վարչապետ

Նախահեղափոխական խոստման շրջանակներում ավելացել են քրեակատարողական հիմնարկների ծառայողների և երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց իր առցանց ասուլիսում՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

«Քրեակատարողական հիմնարկների ծառայողների աշխատավարձերը 2020 թվականի հունվարի 1-ից ավելացել են 30%-ով։ Սա նաև ի կատարումն նախահեղափոխական իմ խոստման, որ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերն աճելու են»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ մայիսի 1-ից միջինում 30 տոկոսով բարձրացվել են երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների շուրջ 230 աշխատակցի աշխատավարձերը: Ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը դարձել է 130.9 հազար դրամ, իսկ հատուկ տիպի մանկատներում՝ 174.1 հազար դրամ։ Կառավարությունն այս ուղղությամբ հատկացրել է 36.6 մլն դրամ։

«Այս հիմնարկներում աշխատող մարդկանց աշխատավարձը բարձրացնում ենք ոչ միայն հենց իրենց, այլև մանկատներում ապրող երեխաների սիրույն, որպեսզի նրանց աշխատանքը ավելի գրավիչ դառնա և ավելի բարձրորակ մասնագետներ ներգրավեն, և երկրորդ՝ այդ աշխատողներին աշխատավարձը բարձրացնելով, մեր ուղերձը մեկն է՝ ավելի լավ նայեք մեր երեխաներին»,- ընդգծեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը շեշտեց, որ հեղափոխությունից հետո ավելի քան 1 միլիոն 100 հազար մարդու կամ աշխատավարձ, կամ թոշակ, կամ նպաստ ավելացել է։