Ղարաբաղում շփման գծում կողմերի միջև լարվածությունը շարունակվում է․ Ստանիսլավ Զաս

ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ նիստին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Ղարաբաղում շփման գծում հայկական և ադրբեջանական կողմերի միջև լարվածությունը շարունակվում է՝ չնայած ձեռնարկված քայլերին, ասված է ՀԱՊԿ պաշտոնական կայքէջում։

Նա նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանավորվածությունները թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում։

«Սակայն, չնայած ձեռնարկված քայլերին, հայկական և ադրբեջանական կողմերի միջև շփման գծում լարվածությունը դեռևս շարունակվում է»,- ասել է նա։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև կարծում է, որ ՀԱՊԿ տարածքում ռազմական վտանգի մակարդակը չի նվազում։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը և, մասնավորապես, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում դրա ապահովմանը, ապա պետք է նշեմ, որ ՀԱՊԿ անդամ երկրների համար ռազմական վտանգի մակարդակը չի նվազում»,- ասել է նա ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։

Աղբյուր՝ Factor.am