Փաշինյանը խոստացավ վճարել 1 ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի 50 հազար դրամ պարտքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացավ վճարել մեկ ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի 50 հազար դրամ պարտքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը հեռախոսազրույցը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Ընտանիքն ուներ սոցիալական որոշակի խնդիրներ, ընտանիքի անդամներից ոմանք նաև առողջական խնդիրներ: Տան հոսանքն անջատված էր վճարումը չկատարելու պատճառով:

«Կասեմ իմ ֆոնդից ձեր հոսանքի գումարը կտան, այս ամսվա 50 հազար դրամը կփոխանցեն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հոսանքից զրկված բաժանորդների հետ հեռախոսազրույցներ է ունենում կոմունալների վճարման խնդիրն ավելի խորը հասկանալու համար:

«Ուզում եմ մի քանիսի հետ խոսել իրենց պատմությունն ավելի լավ հասկանալու համար, որովհետև կոմունալների հետ կապված մեր աջակցությունը միշտ չէ, որ հասցեական է: Մենք ասում ենք, որ մարդը մինչև 5 հազար դրամի էլեկտրաէներգիա է սպառել, ենթադրելով, որ նա որոշակի սոցիալական անպաշտպանություն ունեցող սեգմենտից է, բայց ստացվում է, որ մարդը որևէ տեղ ամառանոց ունի ու քիչ է գնալ այդ ամիս ամառանոց ու ծախսը եղել է 5 հազար դրամ: Այս աջակցությունների ծրագրերում ամենակարևորը հասցեականությունն է»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը զրույցի ընթացքում հայտնեց, որ այս պահին անջատված է 3 հազար բաժանորդի հոսանքը, սակայն նշված ցուցակում հայտնված բաժանորդների հետ հեռախոսազրույցների ընթացքում քաղաքացիների մի մասը նշում էին, որ իրենց հոսանքն անջատված չէ:

«Հեռախոսազրույցների ընթացքում հասկացանք, որ հոսանքի անջատումների մասին մեր վիճակագրությունն ամբողջական չէ: Մեկ դեպք էլ ունեցանք, երբ ծրագրի շահառուն չի կարողանում ծրագրից օգտվել»,- նշեց վարչապետը: