«Արցախի անցած 27 տարիները ոչ միայն հերոսական պայքարի, այլև մեծ հաջողությունների և ձեռքբերումների պատմություն են». Վարչապետ շնորհավորական ուղերձը

«Արցախի անցած 27 տարիները ոչ միայն հերոսական պայքարի, այլև մեծ հաջողությունների և ձեռքբերումների պատմություն են». Վարչապետ շնորհավորական ուղերձը
«Արցախի անցած 27 տարիները ոչ միայն հերոսական պայքարի, այլև մեծ հաջողությունների և ձեռքբերումների պատմություն են». Վարչապետ շնորհավորական ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արցախի անկախության տոնի առթիվ ներկայացնում ենք ստորեւ։

Սիրելի՛ հայրենակիցներ, 
Շնորհավորում եմ ձեզ Արցախի անկախության տոնի առթիվ։ Արցախի ժողովուրդն իր ընտրությունը կատարեց պատմական շատ բարդ իրավիճակում` հռչակելով անկախություն։ 
Անցած 27 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցավ պատերազմների, ավերների, մարդկային կորուստների և բազում այլ ծանր փորձությունների միջով։ Բայց, այդ ամենով հանդերձ, Արցախի Հանրապետությունը կայացավ։ Արցախի Հանրապետության անցած 27 տարիները ոչ միայն հերոսական պայքարի, այլև մեծ հաջողությունների և ձեռքբերումների պատմություն են։ 
Հայաստանի և սփյուռքի հետ ուս-ուսի՝ Արցախն այսօր շարունակում է ապրել ու զարգանալ։ Թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանում ևս մի վկայություն է հայոց ազատասեր ոգու և անկոտրում կամքի։ Հայաստանը, Արցախն ու սփյուռքը այսօր ավելի ուժեղ են, որովհետև ավելի միասնական են և ավելի ազատ։ 
Մարդու ազատությունը, ժողովրդավարությունն ու ազգի ազատությունը մեզ համար անբաժանելի և անբեկանելի արժեքներ են։ Արցախի Հանրապետության և Արցախի հասարակության բազմակողմանի զարգացումը ողջ հայության կարևորագույն նպատակներից է եղել և այսուհետ ևս լինելու է։
Արցախի անվտանգությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Արցախի ճակատագիրը համայն հայության գուրգուրանքի առարկան է։ Այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հանգել խնդրի խաղաղ և արդարացի լուծման։
Սիրելի՛ արցախցիներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։
Գլուխ եմ խոնարհում Արցախի ազատության համար զոհվածների հիշատակի առջև։
Մաղթում եմ խաղաղ երկինք, արդար վաստակ և ամենայն բարիք։
Կեցցե՛ ազատությունը։
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը։