«Ադրբեջանը չի պահպանի պայմանավորվածությունները, քանի դեռ ռազմի դաշտում հնարավոր է թեկուզ մեկ մետր առաջանալ»․ Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, ադրբեջանական կողմը խախտեց նաև Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները, ավելին՝ արգելված զինատեսակ կիրառեց Արցախի տարածքում։ Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ այս փուլում Ղարաբաղի հարցում երկխոսությամբ որևէ լուծման հնարավոր չէ հասնել։ 

– Սպասելի էր, որ Ադրբեջանը չի պահպանելու նաև այս պայմանավորվածությունը։ Եվ ընդհանրապես, որևէ պայմանավորվածություն այս փուլում Ադրբեջանը դեռևս չի պահպանի, քանի դեռ ռազմի դաշտում հնարավոր է մեկ մետր առաջանալ և թեկուզ փոքր հաջողություններ ունենալ։

Ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան իր ամբողջ ուժերը նետել է Արցախում հաղթանակներ գրանցելու համար։ Այստեղ նրանք հաշվի չեն առնում ո՛չ մարդկային, ո՛չ տեխնիկայի կորուստները։

Եվ ամեն ինչ պատրաստ են զոհելու հանուն նրա, որպեսզի ունենան որոշակի հաջողություններ։

Սա մի կողմից Թուրքիայի նոր աշխարհաքաղաքական գործելաոճն է, մյուս կողմից էլ՝ համընկնում է Իլհամ Ալիևի ներքաղաքական շահերի հետ, քանի որ ներքին քաղաքական դաշտում բավական խնդիրներ կան։

Իսկ Իլհամ Ալիևին անհրաժեշտ են որոշակի հաջողություններ որևէ ճակատում ՝ ներքաղաքական խնդիրներ լուծելու համար։

Այո՛, ես համաձայն եմ այն մտքի հետ, որ քաղաքական երկխոսությունն այս փուլում հարցի լուծման չի կարող բերել։

Հարցի լուծումը կարող է լինել երկու ճակատում։ Մեկը ռազմական ճակատն է, մարտի դաշտում հայ զինվորի կողմից իրականացվող գործողությունները կարող են հարցը լուծել։ Եվ երկրորդը դիվանագիտական ճակատն է։

Իմ գնահատմամբ՝ դիվանագիտական կորպուսի ջանքերը դեռևս բավարար չեն։ Անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել և միջազգային հանրությանը ստիպել կամ ինչ-որ գործիքների միջոցով համոզել ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա, և եթե չասեմ կանխել, ապա գոնե որոշակի առումով ազդեցություն ունենալ հետագա ընթացքի վրա։

– Հետևաբար, կարո՞ղ ենք ասել, որ երկարատև պատերազմի հետ գործ ունենք։

– Եթե հաշվի առնենք, որ պատերազմը մեկ ամսից ավելի է տևում է և դեռևս շարունակվում է, ես կարծում եմ, որ, այո՛, այս պահին դեռ չի երևում, թե պատերազմը երբ կավարտվի։

Այստեղ մի կարևոր բան պետք է հաշվի առնենք՝ քանի դեռ Ադրբեջանը կարողանում է թեկուզ մեկ մետր հաջողություն ունենալ, չի կանգնելու։

Եվ հակառակը՝ եթե հայկական ուժերը սկսեն հաջողություն ունենալ, գուցե Ադրբեջանը փորձի կանգնեցնել ու ֆիքսել այն, ինչն արդեն կարողացել է արձանագրել, սակայն այդ դեպքում, հնարավոր է, մենք չհամաձայնենք կանգնել և փորձենք վերադարձնել այն իրավիճակը, որը սեպտեմբերի 27-ից առաջ էր։

– Քանի որ դուք մասնակցում էիք մարտական գործողություններին, մի փոքր կմանրամասնե՞ք՝ ինչ իրավիճակ է բանակում, առաջնագծում։ Շատ է հնչում, որ մարտական ոգին բարձր է։

– Ես մոտ մեկ ամիս անմիջական մասնակցություն եմ ունեցել մարտական գործողություններին։ Եվ իմ գնահատմամբ՝ մեր բանակի մարտական ոգին բավական բարձր է։

Մեր զինվորներից սկսած մինչև գործող հրամանատարները հասկանում են, որ սա այն պատերազմն է, որտեղ հնարավոր չէ որևէ կերպ պայմանավորվել կամ որևէ խնդիր կիսատ լուծել։

Սա այն պատերազմն է, որ՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք։ Այսպես է դրված հարցը, և հայ զինվորները կռվում են մեծ ոգևորությամբ, պատերազմական գործողություններին մասնակցելով՝ կարողանում են այնպիսի սխրագործություններ իրականացնել, որոնց մասին խոսում է ամբողջ աշխարհը։

Ռազմադաշտից վերադառնալուց հետո ես իմացա, որ ոչ հայ ռազմական վերլուծաբանները հիացած են հայկական բանակի գործած սխրանքով։ Եվ ես ևս պետք է միանամ նրանց ու ասեմ, որ այն, ինչ իրականացնում է հայ զինվորը ռազմի դաշտում, միայն դա դեռևս թույլ չի տվել թուրք-ադրբեջանական բանակներին և վարձկան ահաբեկիչներին Արցախում մեծ հաջողություններ գրանցել։

Ինչպես տեսնում ենք, ադրբեջանական բանակի հիմնական հաջողությունները եղել են հարթավայրային հատվածներում, որտեղ տեխնիկայի և մարդկային ուժի քանակական մեծ տարբերությունը որոշակի առավելություններ է տալիս, քան լեռնային և անտառային վայրերում։

Լեռնային ու անտառային վայրերում նրանք արդեն բախվել են խնդիրների, մենք տեսնում ենք, որ վերջին 5-6 օրվա ընթացքում առաջխաղացում որպես այդպիսին լեռնային հատվածներում չկա։

Եվ դա հայկական բանակի շնորհիվ է, որը տակտիկական նահանջով, շատ զոհեր չտալու տրամաբանությամբ և սխրագործություններով կարողացել է այդ առաջին թափը կոտրել։

Արդեն սրանից հետո պատերազմը կգնա այլ տրամաբանությամբ՝ ռազմավարական մտքի ու ճկունության հաշվին։ Իսկ այստեղ, ես համոզված եմ, որ հայկական կողմն ունենալու է առավելություններ։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am