«Միշտ մտածել եմ՝ ինչո՞ւ եմ ես էնտեղ ծնվել»․ Դալարը՝ շոկոլադե տորթերի, հրուշակեղենի բույրի և Հայաստան տեղափոխվելու մասին

«Թարմ թխված շոկոլադե տորթի, ոսկեգույն կրուասանի, խնձորով փայի, գազարով թխվածքի, փխրուն քուքիի հոտը երբեք կրկնվող չի դառնում, կյանքիս ամենամեծ հաճույքներից խոհանոցի հատակին փուռի մոտ նստելն ու թխվածքի բարձրանալու ու թխվելու ընթացքին հետևելն են»,- ժպիտը դեմքին ասում է իրանահայ 29-ամյա Դալար Շահնազարյանը, որը 3,5 տարի առաջ Իրանից տեղափոխվել է Հայաստան։

Դալար Շահնազարյանը ծնվել և մեծացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ 3,5 տարի առաջ իրականացրել է վաղեմի ցանկությունը և ամուսնու հետ տեղափոխվել Հայաստան՝ բնակություն հաստատելու։ Ասում է՝ շուտով ծնողներն էլ են տեղափոխվելու։

«Պապիս երազանքն էր հայրենիք տեղափոխվելը, տարիներ որոշելուց հետո ստացվեց, տեղափոխվեցին, ու իրենց նպատակն էր՝ ինչ-որ ճանապարհ բացեն, որ ընտանիքն իրենցից հետո տեղափոխվի։ Նախ՝ հորեղբորս ընտանիքը տեղափոխվեց Հայաստան, հետո՝ եղբորս։ 

Համալսարանում ուսանելուս տարիներին էի ուզում տեղափոխվել, չստացվեց, ինչ-որ պահ հասավ, որ ես ու ամուսինս որոշեցինք տեղափոխվել, ՝ստեղ էլ մեր հարսանիքն ենք արել»,- ժպիտով ասում է Դալարը ու նշում, որ սկզբում ինքն է մի փոքր պնդել, որ տեղափոխվեն, բայց այժմ ամուսինը շատ ուրախ է այդ որոշումից։

«Հիմա որ խոսում ենք, ասում ա՝ ես հիմա երևի քեզնից շատ եմ էստեղ սիրում»։

Դալարն Իրանում արդյունաբերության ճարտարագիտություն է սովորել, սակայն հետո հասկացել է, որ իրեն ավելի շատ գրավում են թխվածքներ պատրաստելն ու ձևավորելը, և դասընթացների է հաճախել ու վերապատրաստվել այդ ուղղությամբ։ Իրանում 5 տարի աշխատել է խմորեղենի խանութ-սրճարանում։ Սկզբում եղել է որպես վաճառող, այնուհետև թխվածքներ է պատրաստել, իսկ Հայաստան տեղափոխվելուց առաջ դիզայնի բաժնի պատասխանատուի հաստիքը պետք է զբաղեցներ, սակայն թողել է սիրելի աշխատանքը, ամեն ինչ և վերադարձել հայրենիք։

«Մեր ընտանիքը շատ հայրենասեր ա, մայրս, հայրս էլ մեզ քաջալերել են, որ տեղափոխվենք։ Ամառային արձակուրդներին որ էստեղ եմ եկել, ճամփորդել եմ, միշտ մտածել եմ՝ ինչպե՞ս կարող է այստեղով անցնող այս աղջիկը Հայաստանում ծնվել, իսկ ես ինչո՞ւ եմ էնտեղ ծնվել։

Երբ սփյուռքում ես ապրում, պահ կա՝ զգում ես՝ դու ոչ մի տեղի չես պատկանում։ 

Իրանում մեզ լավ են վերաբերվում, բայց, վերջիվերջո, իմ երկիրն ա, գիտեմ՝ իմ երկրում եմ ապրում, իմ երկրում ներդրում ունեմ»,- նշում է Դալարը։

Դալարի տեղափոխվելը Հայաստան համընկել է կորոնավիրուսի համաճարակի բռնկման հետ, սկզբում խմորեղենի խանութ-սրճարանում է աշխատել, սակայն համավարակի պատճառով աշխատանքի պահանջը նվազել է, և Դալարն աշխատանքը փոխել է։

Իրավիճակից ելնելով՝ որոշել է չզբաղվել սիրելի աշխատանքով և անցել գրասենյակային աշխատանքի։

«Դժվար էր, զգացի, որ պարտավոր եմ փոխել աշխատանքս, կայուն վիճակի հասնենք, հետո երևի կարողանամ իմ սիրած գործով զբաղվել»,- պատմում է Դալարը։

Բացի համաճարակի դժվարություններից, Հայաստան տեղափոխվելու սկզբնական շրջանը նաև ընտելանալու և հարմարվելու ջանքեր էր պահանջում և՛ մշակութային տարբերությունների, և՛ կայանալու առումով։

Իրանի հետ համեմատելիս նկատում է, որ Հայաստանում ավելի դժվար են գումար վաստակելն ու մասնագիտության մեջ արագ հաջողելը․ «Իրանում եթե մի մասնագիտություն ունես, էդ ուղղությամբ ջանք էիր թափում, ավելի շուտ էիր հաջողության հասնում, լավ գումար վաստակում, Հայաստանում դա դժվար ընթացք ա»։

Մշակութային առանձնահատկություններից միմյանց հետ շփման ձևն ու խոսքն են մի փոքր տարօրինակ եղել Դալարի համար։ Ասում է՝ իրանցիները, ի տարբերություն հայերի, ավելի քաղցրալեզու են․

«Իրանում ժողովուրդը ասող-խոսող է, այսինքն՝ եթե դու ուզենաս տնից դուրս գաս ու Իրանում ծնվածին հաջող անես, էդ կարող ա տևել մի 10 րոպե, կանգնես դռանը, դու ասես՝ ինքը ասի։ Ինձ համար էստեղ տարօրինակ էր, որ խոսակցության մեջ էդ փափկությունը  չկար, էդ երկար խոսակցությունը չկար, ավելի չոր էր, ու ինձ թվում էր՝ էդ իրանց վերաբերմունքն ա իմ նկատմամբ։

Ապրում ես, հասկանում ես՝ դա նորմալ ա, որ, օրինակ՝ մի հոգուն մի քանի անգամ օրվա ընթացքում տեսնես, ինքը մեկ անգամ քեզ կբարևի, Իրանում ամեն անգամ կբարևեն, կհարցնեն՝ ո՞նց ես, ի՞նչ ես անում, մի 5 րոպե կխոսեն»։

Դալարը վերջերս որոշել է վերադառնալ սիրելի գործին և համատեղել գրասենյակային աշխատանքը իր սիրելի զբաղմունքի հետ։ Ինսթագրամում էջ է բացել, որում պատմում է թխվածքներ պատրաստելու, թխելիս ու ձևավորելիս իր զգացողությունների ու մտորումների մասին։

«Աշխատանքս շատ եմ սիրում, բայց երկար ժամանակ է՝ զգում էի, որ ինքս ինձ դավաճանում եմ, որ էս աշխատանքը կողք եմ դրել։

Մտածեցի ինչ-որ մի բան պիտի անեմ, ուզում էի կիսվել էն ամենով, ինչ զգում եմ թխելիս։ Հիմնական նպատակս չի եղել պատվերներ ընդունելը, որովհետև մի քիչ վախենում էի, որ ներկայիս աշխատանքիս հետ չկարողանամ համատեղել, բայց ընթացքում ստացվեց, որ էստեղի իմ ծանոթները, իմանալով, որ վերսկսել եմ աշխատանքս, սկսեցին պատվերներ տալ»,- ասում է Դալարը։

Դալարի ամենամեծ երազանքներից է Հայաստանում իր խանութ-սրճարանը բացել։ Որոշել է՝ մինչ 35 տարեկանը այն իրականություն է դարձնելու։ «Դեռ 6 տարի կա»,- ժպտալով ասում է նա։

Դալարն ասում է՝ թխելը թերապիա է իր համար, թխելիս տրամադրությունն է բարձրանում, հաճախ ըստ տրամադրության է թխվածք պատրաստում․

«Մի օր արթնանում եմ՝ սիրտս խնձորով ինչ-որ բան ա ուզում, օր կա՝ ուզում եմ խմորով ինչ-որ բան պատրաստել, օր կա՝ կրեմի հետ աշխատել, հոգեվիճակի հետ ա կապված»։

Դալարն ասում է՝ թխվածքների հետ նաև խոսում է, զրուցում, դրական բառեր ասում:

«Ոնց որ երեխեքս լինեն, մանավանդ եթե իրանց վրա արձանիկներ եմ դրել, միշտ գովում եմ իրենց՝ ինչքան լավն ես, ինչքան սիրում ես»,- ժպտալով ասում է Դալարը ու հույս հայտնում, որ չի ուշանա Հայաստանում իր փոքրիկ բիզնեսն ունենալու ցանկության իրականացումը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am