Տնտեսական ակտիվությունը, շինարարության ծավալներն ու անշարժ գույքի շուկայի աճը վկայում են, որ Հայաստանի քաղաքացիները խորապես հավատում են խաղաղությանը՝ չնայած լրահոսում առկա տագնապային և խուճապային տրամադրություններին։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ լրահոսում շարունակաբար խուճապային տրամադրություններ են տարածվում, մինչդեռ տնտեսական ցուցանիշները հակառակ պատկերն են ցույց տալիս։
«Տնտեսական այս ցուցանիշները վկայում են մեկ բանի մասին՝ մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ դրանից բխում է նաև հստակ քաղաքական հետևություն․ կառավարությունը պարտավոր է քաղաքացիների սպասումները հասցնել տրամաբանական ավարտին։
Փաշինյանը նշեց, որ ներկայում խաղաղությունն իրականություն է, սակայն այն դեռևս ամբողջությամբ ինստիտուցիոնալացված չէ։ Նրա խոսքով՝ կառավարության կարևորագույն խնդիրն է ապահովել այդ գործընթացի ավարտը և արդարացնել քաղաքացիների սպասումները։



















