Լեզվի իմացությունը` անցաթուղթ. Վրաստանում բնակվող հայերը չեն կարողանում աշխատանք գտնել վրացերեն չիմանալու պատճառով

Լեզվի իմացությունը` անցաթուղթ. Վրաստանում բնակվող հայերը չեն կարողանում աշխատանք գտնել վրացերեն չիմանալու պատճառով
Լեզվի իմացությունը` անցաթուղթ. Վրաստանում բնակվող հայերը չեն կարողանում աշխատանք գտնել վրացերեն չիմանալու պատճառով

Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները, այդ թվում և` հայերը, իրենց առաջնային խնդիրներից են համարում լեզվի, զբաղվածության ու ԶԼՄ-ների օբյեկտիվության հարցերը: Տեղի ազգային փոքրամասնությունների համար գերակա է նաև կրթության հարցը: Վերջին մեկ տարում դասագրքերը սկսել են թարգմանվել Վրաստանում, ինչը ծնողների ու աշակերտների հավաստմամբ` բավական անորակ և ոչ ճշգրիտ է արվում:

9-ամյա Գագիկ Հակոբյանը սովորում է Ախալցխայի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 3 հայկական դպրոցում, ընկերություն է անում հիմնականում հայերի հետ, ասում է` «պիտի գնամ Հայաստան, բժիշկ դառնամ ու հայերին բուժեմ»:

4-րդ դասարանցի տղան այս տարի ավելի դժվար է պատրաստում իր դասերը, քանի որ դասագրքերը փոխվել են, ու վատ թարգմանության պատճառով շատ բառեր չի հասկանում:

Նրա մայրը` Գայանե Մարկոսյանը, «Մեդիալաբին» ասաց, որ արդեն մեկ տարի է` դասագրքերը Վրաստանում են թարգմանվում, և նման անորակ թարգմանությամբ անգամ ինքն է դժվարությամբ հասկանում, «էլ ուր մնաց աշակերտների համար գրքերը մատչելի լինեն»:

Ըստ վրացական պաշտոնական վիճակագրության` հայերը կազմում են Սամցխե-Ջավախեթի նահանգի Ախալցխա համայնքի բնակչության շուրջ 60 տոկոսը, Ախալքալաքի` շուրջ 94 տոկոսը (Ախալքալաքի շրջանում` 57.500 և Նինոծմինդայի (Բոգդանովկայի) շրջանում` 32.900 մարդ): Ողջ Վրաստանում բնակվում է շուրջ 250.000 հայ:

Վերջին երկու տարում Վրաստանի կառավարությունը իր վրա է վերցրել ազգային փորքամասնությունների համար դասագրքեր հրատարակելու պատասխանատվությունը, սակայն իրենք` փոքրամասնությունները, գոհ չեն այս փոփոխություններից:

Վրաստանում հայ համայնքի մամուլի քարտուղար, PIK հեռուստաալիքի լրագրող, փորձագետ Մարի Միկոյանը նշում է, որ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության շրջանում ազգային փոքրամասնությունների կարգավիճակը քիչ թե շատ բարելավվել է, սկսվել է Ջավախքի` Սամցխե-Ջավախեթիի ինտեգրման գործընթացը:

«Սակայն ոչ մի շրջան չի ինտեգրվի, եթե մենք շարունակենք նման թարգմանությամբ դասագրքեր տարածել դպրոցներում: Երբ Հայաստանից չինովնիկներ են գալիս, մենք ասում ենք` եթե ցանկանում եք, որ հայկական դպրոցները չփակվեն, պետք է համապատասխան մասնագետներ լինեն, ովքեր կկարողանան ապահովել պատշաճ թարգմանություն»,- նշում է Միկոյանը:

Ախալցխայի նահանգապետ Լաշա Չկաուդան դասագրքերի խնդիրը կապում է երկրում գործող կարգ ու կանոնի հետ. «Թբիլիսին է իշխանությունը, և հնարավոր չէ այլ երկրից, ասենք` Հայաստանից, դասագրքեր հատկացվեն Վրաստանի տարածքում գործող դպրոցներին»:

Նահանգապետի խոսքով` դպրոցներում կրթության որակ ապահովելու համար իրենք մի շարք տնօրենների ազատել են աշխատանքից, դպրոցներում շարունակվում են ուսուցիչների որակավորումը ստուգող ու գնահատող աշխատանքները:

Չկաուդան հայերին Ախալցխայում ազգային փոքրամասնություն չի համարում, քանի որ նրանք կազմում են նահանգի բնակչության կեսից ավելին: Նա, սակայն, չի հերքում, որ մի հարցում վրացիներն առավելություն ունեն` ազգային փոքրամասնությունները, գերազանց չտիրապետելով վրացերենին, աշխատանքի անցնելիս խնդիրներ են ունենում:

«Հարցը լուծելու համար որոշում է կայացվել վրացերենի ուսուցման անվճար դասընթացներ կազմակերպել: Համայնքում զարգանալու պոտենցիալը մեծ է, Վրաստանն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ երկաթգիծ է կառուցում, որը ևս կակտիվացնի կյանքն այստեղ»,- ասում է նահանգապետը:

Թբիլիսիում գործող Քաղաքացիական ինտեգրացիոն կենտրոնի տնօրեն Զաուր Խալիլովը նույնպես որպես ազգային փոքրամասնությունների հիմնական խնդիրներ թվարկում է պետական լեզվի չիմացությունն ու հանրակրթության ոլորտում որակյալ կադրերի բացակայությունը:

«Այսօր ցածր աշխատավարձի պատճառով հատկապես Վրաստանի գյուղական համայնքներ շատ քիչ ուսուցիչներ են գնում աշխատելու, շատ դպրոցներում ուսուցիչների տարիքը հասնում է մինչև 85: Եթե հայկական ու ադրբեջանական դպրոցներում լեզվի հարցը չլուծվի, այդ դպրոցներում սովորողները պոտենցիալ միգրանտներ կդառնան»,- անհանգստանում է Խալիլովը:

Մարի Միկոյանի կարծիքով` այսօր Վրաստանում ազգային փոքրամասնությունները նաև օբյեկտիվ լրատվամիջոցների կարիք ունեն.

«Մեդիան դարձել է դրամաշնորհներով գոյատևող հասարակական կազմակերպություն: Ջավախքում, օրինակ` 3 ազգային հեռուստաալիք կա, մեկ թերթ, ինչ վերաբերում է ինտերնետ մեդիային` այն գրեթե չկա»:

Փորձագետներն այս խնդիրները փոքրամասնությունների ինտեգրման հիմնական խոչընդոտներն են համարում:

Քաղաքացիական հասարակության զարգացման գործակալության 2009-ին Քվեմո Քարթլիում և Ջավախքում (մեծ մասամբ ադրբեջանցիներով ու հայերով բնակեցված շրջաններ) անցկացված ուսումնասիրության համաձայն` հարցվածների միայն 17 տոկոսն է իրեն ինտեգրված համարվում:

Ախալցխայում ծնված և բնակվող, մասնագիտությամբ վարսահարդար Նարինե Չափարյանը «Մեդիալաբին» հավաստում է` որքան էլ պաշտոնյաները խոսեն հավասարության մասին, իրենք զգում են տարբերությունը.

«Աշխատանքի անցնելու համար վրացերենի իմացությունը պարտադիր է: Հայերը Վրաստանում մեծ մասամբ խտրական վերաբերմունքի են արժանանում, և հիմնականում հայը հայի օբյեկտում է աշխատում, ադրբեջանցին` ադրբեջանցու»:

Նա նշում է, որ այժմ հայ տղամարդկանց համար Վրաստանում դժվար է, քանի որ նախկինում Ռուսաստան էին գնում աշխատելու, իսկ հիմա դա գրեթե անհնար է ռուս-վրացական լարված հարաբերությունների պատճառով:

Փառանձեմ Հովհաննիսյան

Փառանձեմ Հովհաննիսյանը Վրաստան է մեկնել Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Հարևաններ» ծրագրի շրջանակներում:

© Medialab.am