Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին. փաստաբան

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Փաստաբան Արա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ գործը մակագրվել է դատավոր Հակոբ Մանուկյանին, իսկ նախնական դատալսումների առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին՝ Էջմիածնում։

Զոհրաբյանը գործը որակում է եկեղեցու ներքին գործերին պետության միջամտություն և պատմականորեն ամոթալի իրադարձություն՝ շեշտելով, որ Կաթողիկոսը քրեական հետապնդման է ենթարկվում եկեղեցական գործառույթ իրականացնելու համար։

«Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին»,– հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նրա փոխանցմամբ՝ «նախնական դատալսումների առաջին նիստը նշանակվել է 2026թ. օգոստոսի 7-ին ժամը 16:00-ին, Էջմիածին քաղաքում»։

Զոհրաբյանը նշում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեղադրվում է այն բանի համար, որ, լինելով նաև Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, «իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, իբրև խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի» կատարմանը։

Փաստաբանի խոսքով՝ այդպիսի խոչընդոտում է համարվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ Կաթողիկոսի տնօրինությունը։

«Միջազգային և ներպետական օրենսդրությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն ունեցող պետության մեջ իշխանությունը մեղադրյալի կարգավիճակ է շնորհել Հայոց Հայրապետին՝ եկեղեցական գործառույթ իրականացնելու համար»,– գրում է Զոհրաբյանը։

Նա տեղի ունեցածը որակում է «պատմական ամոթալի իրադարձություն»՝ հավելելով․ «Վերջին հարյուր տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ պետական իշխանությունը քրեական կամ բռնի ճնշման թիրախ է դարձնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին»։

Զոհրաբյանի գնահատմամբ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Կաթողիկոսի ինստիտուտի շուրջ ծավալվող գործընթացը դուրս է մեկ քրեական գործի շրջանակներից․

«Անկախ քաղաքական հայացքներից և իրավական գնահատականներից, ակնհայտ է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ինստիտուտը Հայաստանի պատմության, ազգային ինքնության և պետականության հիմնասյուներից են»։