Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Կոտայքի մարզային գրադարան, որտեղ կազմակերպվել է «Ընթերցում են հայտնիները» միջոցառումը։ Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը:
Վարչապետի տիկինը ծանոթացել է երեխաների հետ և նրանց համար հեքիաթներ կարդացել։ Ընթերցանության համար գրադարանն ընտրել էր Մերի Ադա Շվարցի «Սփիֆեն: Մաքրասեր Խոզուկի հեքիաթը»։ Աննա Հակոբյանի առաջարկությամբ միջոցառումը չի ավարտվել մեկ հեքիաթով։ Նա կարդացել է նաև Հովհաննես Թումանյանի հեքիաթներից։
Ընթերցանության ավարտից հետո երեխաները Աննա Հակոբյանի հետ քննարկել են, թե իրենց կարդացած հեքիաթներն իրականում ինչի մասին են և ինչ են դրանք սովորեցնում մարդկանց։ Քննարկումից հետո բոլորը լուսանկարվել են:
Միջոցառման ավարտից հետո Աննա Հակոբյանը շրջել է մարզային գրադարանով, ծանոթացել պայմաններին, գրքային ֆոնդին և անցկացվող միջոցառումների ցանկին։