Բացահայտվել է անչափահասի կողմից կատարված բնակարանային գողության դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սևքար համայնքի անչափահաս բնակչի կողմից կատարված բնակարանային գողության դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Տավուշի մարզի Սևքար համայնքի անչափահաս բնակիչը՝ ծնված 2003թ., ուրիշի  գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, 2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, չկողպված դռնով ապօրինի մուտք է գործել  նույն համայնքում գտնվող՝ համագյուղացուն պատկանող առանձնատուն և ննջասենյակում գտնվող մահճակալի վրա դրված տաբատի գրպանից գողացել վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել է գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սևքար համայնքի անչափահաս բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։