Խոչընդոտել են ոստիկանների աշխատանքը, հայհոյել են ու հարվածներ հասցրել ոստիկաններից մեկին․ ՔԿ

Քննչական կոմիտե

2021թ. հուլիսի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը Արարատի մարզի Լանջազատ համայնքի տարածքում գտնվող հանգստյան գոտում ծառայություն իրականացնելիս՝ ժամը 20.40-ի սահմաններում, նկատել է, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ երկու անձինք թմրանյութ են օգտագործում, և ցանկացել է նրանց բերման ենթարկել, սակայն հարակից տաղավարում գտնվող անձինք խոչընդոտել են բերման ենթարկելու գործընթացը, չեն ենթարկվել օրինական պահանջներին, հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել, իսկ ուսադիրը պոկվել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախնական տվյալներով՝ Լանջազատ համայնքում մի խումբ անձինք մասնակցել են խնջույքի, որի ժամանակ նկատել են, որ ոստիկանները ցանկանում են բերման ենթարկել խնջույքի մասնակիցներից մեկի ընկերոջը: Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ ներկաները խոչընդոտել են ոստիկանների աշխատանքը, որի ընթացքում հայհոյել են ու հարվածներ հասցրել ոստիկաններից մեկին:

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրած երկու անձանց ինքնությունը: Վերջիններս որպես կասկածյալ հարցաքննվել են՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ, կատարվել են առերես հարցաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: