«Ե՛վ Հայաստանը, և՛ աշխարհի տարբեր պետություններ պետք է լրջորեն կասկածի տակ դնեն խաղաղության վերաբերյալ թուրք-ադրբեջանական հավաստիացումները». Ռուբեն Մելքոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը

Պարո՛ն Մելքոնյան, ԵԱՀԿ արտգործնախարարների 28-րդ խորհրդի նիստի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հարավային Կովկասում հարատև խաղաղության հնարավորության պատուհան է բացվել: Գրեթե նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարը՝ ասելով, որ Բաքուն դրական է գնահատում Սոչիի եռակողմ հանդիպումը ու պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսել: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունները:

– Երկու վերապահում պետք է անել. նախ՝ «խաղաղություն» եզրույթը և խաղաղության ընկալումները լիովին տարբեր են Եվրոպայում, աշխարհում ու Արևելքում:

Երկրորդ վերապահումն այն է, որ այն, ինչը Թուրքիան ու Ադրբեջանը համարում կամ անվանում են հարատև խաղաղություն, այլոց ու Արցախի ինքնորոշված ժողովրդի իրավունքների ոտնահարում է, իրենց գործած ռազմական և այլ հանցագործությունների մոռացում ու, իրենց ձևակերպմամբ՝ այս պահի ստատուս քվոյի ամրագրման ձգտում, այսինքն՝ իրենց մոտեցումներով կոնֆլիկտը պետք է հանգուցալուծվի Հայաստանի լիակատար պարտությամբ ու կապիտուլյացիայով, իսկ նման խաղաղություն չի լինում, այն էլ՝ հարատև:

Ուստի կարծում եմ, որ այդ ձևակերպումները նախ՝ տեղին չեն, և երկրորդ՝ դրանց տակ թաքնված են թուրքական հեռահար ու մոտալուտ պլանները՝ կապված տարածաշրջանում իրենց օկուպացիոն քաղաքականության հետ:

Դժվար է հավատալ այն երկրների կողմից խաղաղություն հաստատելու խոստմանը, որոնք ցեղասպանության, մարդու իրավունքների ոտնահարման, բռնության ու նման այլ գործողությունների սանդղակներով աշխարհում առաջատար են, ուստի այդ հայտարարությունները բավական հեռու են ազնվությունից ու ճշմարտությունից:

Ինչո՞վ եք բացատրում այն հակասությունը, երբ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյան խաղաղության համաձայնագիր կնքելու մասին է հայտարարում, և, դրան զուգահեռ, ադրբեջանական զորքը կրակում է Արցախի Կարմիր Շուկայի հատվածում:

– Դուք վերահաստատեցիք քիչ առաջ հնչեցրած իմ մտքերը. դա խաղաղություն է թուրքական ստանդարտներով, սա նորություն չէ: Սա թուրքական դասական գործելակերպ է, երբ մի կողմից բանակցում են, իսկ մյուս կողմից, որտեղ հնարավոր է, իրականացնում են բռնություններ, ահաբեկչություններ:

Սա նրանց քաղաքական ոճն է, որը, չեմ կարծում, թե կփոխվի, ուստի և՛ Հայաստանը, և՛ աշխարհի տարբեր պետություններ, հենվելով թուրքական այս ոճի տրամաբանության վրա, պետք է լրջորեն կասկածի տակ դնեն թուրք-ադրբեջանական հավաստիացումները՝ խաղաղության վերաբերյալ:

Այս հայտարարությունների նպատակը ո՞րն է, գուցե բրյուսելյան հանդիպումից առաջ հատո՞ւկ են նման հայտարարություններ հնչեցվում:

– Ենթադրում եմ, որ երկու նպատակ կա. մեկը՝ ֆոն ստեղծել, թե Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստ են խաղաղության, ու չեմ էլ կասկածում, որ Բրյուսելի հանդիպմանն ու դրանից հետո էլ թուրք-ադրբեջանական տանդեմը հղում է անելու այսօրվա հայտարարություններին՝ ասելով, որ մենք դեռևս շաբաթներ առաջ հաստատել ենք մեր հավատարմությունը խաղաղությանը:

Երկրորդը՝ այս հայտարարությունները նպատակ ունեն նաև այդ հանդիպմանը ու հաջորդող հանդիպումներին ներկայանալ այլ իմիջով, այսպես կոչված՝ խաղաղարար կամ խաղաղասեր պետության: Այս ամենը մակերեսային է ու չի բխում այդ պետությունների իրական քաղաքական մտածողությունից ու բնույթից:

 – Պարո՛ն Մելքոնյան, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի փոխվարչապետների հանդիպման ժամանակ չի հաջողվել ընդհանուր պայմանավորվածություն ձեռք բերել տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ: Ըստ ձեզ՝ ո՞րն է անհամաձայնության պատճառը, ու հնարավոր համարո՞ւմ եք, որ առաջիկայում կողմերը ընդհանուր հայտարարի կգան:

– Պատճառները, իհարկե, կարող են տարբեր լինել, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հայտարարություններն այդ մասով բոլորովին այլ են՝ «Զանգեզուրի միջանցք» և այլն, և այլն, Ալիևի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղ այլևս չկա, իսկ Հայաստանի պատկերացումները բոլորովին այլ են, որ արցախյան հարցը դեռևս լուծված չէ, Արցախի ինքնորոշման խնդիրը շարունակում է մնալ օրակարգում, ու ճանապարհների ապաշրջափակման անվան տակ չի կարող լինել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ բացահայտ ոտնձգություն, որի անունն է «Զանգեզուրի միջանցք», որի մասին ելույթները և՛ Ալիևի մոտ, և՛ Թուրքիայում շարունակվում են:

Այն ոչ կառուցողական, օկուպացիոն ու հայատյաց քաղաքականությունը, որը տեսնում ենք հրապարակավ, այդ նույնը, բնականաբար, տեղափոխվում է բանակցությունների ֆորմատ, ինչն էլ առաջ է բերելու հարցի փակուղային իրավիճակ: Հայկական կողմը պետք է իր մեջ խիզախություն գտնի ու փորձի չենթարկվել ադրբեջանական տարատեսակ ճնշումներին ու պաշտպանել հայկական շահերը: Ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը բանակցություններում չեն կիրառում միջնորդ երկրների կողմից սահմանված խաղի կանոնները, ինչը բերում է այսպիսի իրավիճակի:

Միամտություն կլինի ակնկալել, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում անզեն մարդկանց գլխատման, ֆոսֆորային ռումբերի կիրառման ու այլ ոճրագործություններից հետո փոխվել ու դարձել է քաղաքակիրթ ու իր խոստումներին հավատարիմ պետություն: Նրանց գործելաոճը շարունակվում է, ուստի Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են մնալ այս տարածաշրջանի ապակայունացման հիմնական մեղավորները:

Կարծում եք՝ այս երկու երկրի հիմնական նպատակը «Զանգեզուրի միջանցքը», այնուամենայնիվ, ձեռք բերելն է, և սահմանային այս կրակոցները այդ նպատակով գործադրվող ճնշումնե՞ր են Հայաստանի վրա:

– Միանշանակ: Ոչ միայն սահմանային կրակոցները կարող են լինել ճնշման միջոցներ, այլ ճնշման միջոց կարող են հանդիսանալ նաև ավելի լայնամասշտաբ էսկալացիաներն ու այս երկու երկրի նպատակը, որ ձևավորվել է 100 տարի առաջ՝ «Զանգեզուրի միջանցք» կամ ընդհանրապես Սյունիքի օկուպացիա, ողջ 20-րդ դարում եղել ու մնացել է իրենց օրակարգում, 21-րդ դարում վերակտիվացել է, իսկ հիմա գտնվում է ակտիվացման գերագույն աստիճանում:

Միանշանակ, սա շարունակում է մնալ իրենց գերնպատակը, իսկ մնացածն ուղղակի ականջահաճո հայտարարություններ են, իրականությունը լիովին այլ է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am