ՀՀ ԱԳՆ-ն շվեդ գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործությունների վրա

Սեպտեմբերի 21-ին, Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ։

Ներկայացնելով սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի մանրամասները՝ Հայաստանի արտգործնախարարն առանձնահատուկ կարևորել է դրա հետևանքների վերացման և միջազգային հանրության կողմից ագրեսոր երկրին հասցեական և համարժեք արձագանքի, ադրբեջանական առավելապաշտական և ագրեսիվ քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը:

Ընդգծվել է նաև Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործություններին, մասնավորապես` կին զինծառայողների նկատմամբ իրականացված անմարդկային վերաբերմունքի դեպքերին, համապատասխան գնահատական տալու անհրաժեշտությունը։