Ադրբեջանի համար կարևոր չէ, թե ո՛ր հային են իրենք դատում. խնդիրն այլ է՝ ինչպե՛ս դրան դիմագրավել. Արտաշես Խալաթյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը 

– Պարո՛ն Խալաթյան, Ադրբեջանում արդեն ընթանում է Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը: Երբ Լաչինի միջանցքից ադրբեջանցիներն առևանգեցին նրան, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ առևանգված Արցախի քաղաքացին բնավ կապ չունի այն անձի հետ, որին ադրբեջանական կողմը համարում է հանցագործ, այսինքն՝ Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին առևանգել են բոլորովին ուրիշ մարդու փոխարեն: Եթե պարզվի, որ Ադրբեջանը լրիվ ուրիշ մարդու փոխարեն է դատում Խաչատրյանին, միջազգային իրավական ի՞նչ կարգավորումներ կան, որոնք կօգնեն Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել, նման դեպքերում միջազգային նորմերը ի՞նչ են սահմանում:

– Ադրբեջանը շարունակում է մնալ Եվրոպայի խորհրդի անդամ և պարտավորված է կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի պահանջները: Որքան էլ Ադրբեջանը գործնականում իրեն ամբողջովին դուրս է դրել եվրոպական իրավակարգերից, համենայնդեպս, ֆորմալ իմաստով շարունակում է պարտավորված լինել առաջնորդվել դրանցով: 

Այդ համատեքստում, բնականաբար, կստացվի, որ Ադրբեջանը խախտելու է արդար դատաքննության իրավունքի հետ կապված կոնվենցիոն բոլոր պահանջները, ներառյալ՝ անմեղության կանխավարկածը, ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը և այլն, այսինքն՝ Վագիֆ Խաչատրյանի ամբողջ դատական պաշտպանությունը կհամարվի տապալված,  քանի որ  նրան հնարավորություն չի տրվել պաշտպանվել այնպես, ներկայացնել իր դիրքորոշումը, որը թույլ կտար դատարանին հանգել այլ եզրահանգման: 

Ինչու եմ ասում ամբողջական տապալում, որովհետև եթե դրան գումարենք նաև այն, որ նա ոչ միայն դատավարության կողմի պաշտպանվելու իրավունքներից է զրկվել, այլև այն, որ, բնականաբար, գործ ունենք ո՛չ անաչառ, ո՛չ պատշաճ դատարանի հետ: Բոլոր դեպքերում դատարանի ներքին համոզումը չի կարող ապրիորի օբյեկտիվ համարվել՝ հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքական ռեժիմի բռնապետական բնույթը և նախագահ Ալիևի հայտարարությունները, որոնք, ըստ էության, կանխորոշում են դատական քննության ելքը: 

Այս համատեքստում, բնականաբար, Վագիֆ Խաչատրյանի հարազատները կարող են ՄԻԵԴ գանգատ ներկայացնել, ընդ որում՝ չսպառելով անգամ Ադրբեջանի դատական համակարգի վերադաս ատյանները: Հանգիստ կարելի է հիմնավորել, որ տվյալ պարագայում դրանց դիմելը հնարավոր չէ, քանի որ բացակայում է դա անելու իրական հնարավորությունը, կամ չի ապահովվում վերադաս դատական ատյաններ դիմելու հնարավորությունը։ Ու Եվրոպական դատարանից պահանջել Ադրբեջանի դատարանի գործողությունները ճանաչել կոնվենցիային հակասող ու պարտավորեցնել և՛ դրամական փոխհատուցում վճարել, և՛ վերանայել այդ դատական ակտը: Այդ ակտի հիման վրա նաև Նախարարների կոմիտեն կարող է հատուկ մոնիթորինգի տակ առնել Ադրբեջանի գործողությունները՝ որպես նրա կողմից Եվրոպական կոնվենցիայի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին: 

Այլ հարց է, թե որքանո՛վ Ադրբեջանը կենթարկվի այդ որոշմանը կամ մոնիթորինգին, որովհետև այսօր, երբ Ադրբեջանը, ըստ էության, փաստացի իրականացրել է հայերի էթնիկ զտում, այդ համատեքստում ստացվում է, որ Ադրբեջանն ընդհանրապես իրեն դուրս է դնում եվրոպական իրավակարգից, ու չեմ զարմանա, եթե Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի հեռացման հարցը դրվի: 

Ցավոք սրտի, նոր աշխարհակարգի ձևավորման անցումային այս փուլում իրավակարգի ինստիտուտները փաստացի չեն գործում, թուլացել է նրանց ազդեցությունը, ու այս առումով նորմատիվ պահանջներն այլևս համապարտադիր չեն: Զուգահեռ՝ իրավակարգերի ձևավորման կամ աշխարհաքաղաքական դաշինքների ձևավորման գործընթաց է գնում, որոնք, մասնավորապես, Ռուսաստանի ու Չինաստանի պաշտոնական դիրքորոշումների կարող են ու պետք է տարբեր լինեն, քանի որ նրանք չեն ընդունում Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված կանոնների վրա հիմնված աշխարհակարգը՝ դա համարելով եվրոպական, արևմտյան ու ատլանտյան «գաղութատիրական կամ հետգաղութային» կառավարման գործիքներ: Ադրբեջանն էլ իրեն աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ տեղավորում է այդ դաշինքում, ու մենք տեսնում ենք բռնապետական պետությունների ակումբի ձևավորում, որն ունենալու է ակնհայտ աշխարհաքաղաքական ուղղվածություն: 

– Չի՞ բացառվում, որ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ Վագիֆ Խաչատրյանին լրիվ ուրիշ մարդու փոխարեն է դատում, բայց, չնայած դրան, նման գործընթաց է սկսել:

– Իհարկե, բայց պետք է նշենք, որ այդ բոլոր մեղադրանքները, որ Ադրբեջանը ներկայացնում է, մեծ մասամբ շինծու կամ հարյուր տոկոսով շինծու են, հետևաբար իրենց համար կարևոր չէ, թե ո՛ր հային են իրենք դատում: Հետևաբար ես գործնականում դրան էական նշանակություն էլ չէի տա, որովհետև բոլոր անձինք էլ այսպես թե այնպես հանդիսանում են Ադրբեջանի քաղաքական ու էթնիկ հետապնդման զոհ, ու այստեղ խնդիրն այլ է՝ ինչպե՛ս դրան դիմագրավել: 

Այո՛, կան իրավական գործիքակազմեր, բայց քանի որ չկա համաշխարհային մակարդակով կամ միջազգային ընդհանուր հարկադիր կատարման ապահովման ինստիտուտ, այստեղ մնում են տվյալ պետության քաղաքական կամքն ու հակվածությունը՝ ենթարկվելու այդ նորմերին:

Հիմա, եթե սա Ադրբեջանի մոտ բացակայում է, հարցն արդեն տեղափոխվում է միջազգային քաղաքական տիրույթ, այսինքն՝ եվրոպական համայնքում կգտնվե՞ն արդյոք սկզբունքային պետություններ, որոնք հանուն միջազգային իրավակարգի պահպանման կգնան Ադրբեջանին սանձելու ճանապարհով, այդ թվում՝ Ադրբեջանի հետ ունեցած տնտեսական շահերը զոհաբերելու գնով, դա արդեն ժամանակը ցույց կտա:

– Պարո՛ն Խալաթյան, երբ Արցախի ՄԻՊ-ն առաջին անգամ հայտարարեց, որ ադրբեջանական կողմից առևանգված մարդը լրիվ ուրիշ մարդ է, նա չէ, ում մեղադրում է Ադրբեջանը, դրանից հետո հայկական կողմն ի՞նչ պետք է աներ, որ ապացուցեր այդ հանգամանքը, եթե անգամ Ադրբեջանը հրաժարվեր վերադարձնել Խաչատրյանին: 

– Այստեղ մի քանի դժվարին խնդրի առաջ ենք մենք կանգնում. Ադրբեջանը որևէ պետության հետ չէր կոմունիկացնելու այն պատճառները, ինչի համար առևանգվել է Վագիֆ Խաչատրյանը, հատկապես Հայաստանի հետ: Այսինքն՝ գործնականում մենք լիարժեքորեն տեղյակ չենք, թե Վագիֆ Խաչատրյանն ինչի՛ համար է մեղադրվում: Գործի փաստական հանգամանքներին, մեղադրանքին ու հիմնավորումներին տեղյակ ենք զուտ մամուլի սպրդումներից, որոնք Ադրբեջանի իշխանությունների գիտությամբ տարածում են իրենց լրատվամիջոցները: 

Սրան գումարած, պետք է նշել, որ Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա փաստաբանները իրավունք չունեն Ադրբեջանում գործունեություն ծավալելու, այսինքն՝ բացառվում էր անգամ հայաստանցի փաստաբանի ներգրավումը գործի վարույթում: 

Ամեն բան արված է տեղեկատվությունը փակ պահելու համար, հետևաբար իրավական որևէ լծակ Հայաստանը այս հարցում չուներ, որևէ կերպ դա հնարավոր չէր կատարել: Ըստ էության, Ադրբեջանն ամբողջովին փակ է պահում քրեական հետապնդման բոլոր մանրամասները բոլոր անձանց մասերով, որոնք այսօր ապօրինի պահվում են Ադրբեջանում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am