Արցախում վաճառված կարտոֆիլի սերմացուից գնորդները թունավորվել էին. քրգործ է հարուցվել

Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն 2023 թվականի մարտի 22-ին իրացնելու նպատակով Ս. Ա.-ից ձեռք է բերել վերջինիս կողմից նույն օրը ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից փոխառությամբ ստացված, պահեստային պայմաններում երկար պահպանելու նպատակով քիմիական նյութերով հատուկ մշակման ենթարկված, մարդու օրգանիզմ ներթափանցման դեպքում կյանքի և առողջության համար վտանգավորություն ունեցող, սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող՝ 4000 կգ կարտոֆիլի սերմացու, որից 451 կիլոգրամը իրեն պատկանող առևտրի սրահում վաճառել է քաղաքացիներին: Այդ մասին հայտնում են Արցախի դատախազությունից:

Վաճառված կարտոֆիլ օգտագործած քաղաքացիներ Ա. Ս.-ն և Պ. Հ-ն 25.03.2023 թ. ժամը 10:00-ին «սննդային թունավորում» ախտորոշմամբ դիմել են ԱՀ առողջապահության նախարարության Ռ. Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում:

Փաստի առթիվ 22.04.2023 թ. Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հարուցվել է քրեական գործ: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտակերտի շրջանի դատախազությունը: