«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը
– Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի, հատկապես ընդդիմադիր դիրքավորվող ուժերի գործունեությունը։ Հնչում են կարծիքներ, որ գործող իշխանությունը շարունակում է վարել ավելի արդյունավետ քարոզչություն, քան մյուս ուժերը։
– Քարոզչական այն հնարքները, որոնք կիրառում է իշխանությունը, հիմնականում հատուկ են հենց իշխանություններին, այսինքն՝ ընդդիմադիր ուժերը, միևնույն է, չեն կարողանալու անել այն, ինչ անում են իշխանությունները, ու խոսքը բոլոր իշխանությունների մասին է, կան քարոզչական բաներ, որ միայն իրենց են հատուկ: Մյուս կողմից՝ ընդդիմադիր դաշտում չեմ տեսնում համարժեք, հակակշիռ քարոզչություն, որը պետք է իրականացվեր, ու խոսքը բնավ այն մասին չէ, որ մենք գնանք ու տեղավորվենք այն քարոզչական օրակարգի մեջ, ինչ առաջ է քաշում Նիկոլենց իշխանությունը: Ընդհակառակը, ընդդիմադիրները պարտադիր չէ, որ ֆորմալ առումով միմյանց հետ միավորված լինեն, բայց մի բան կա, որը վերաբերում է իրապես ընդդիմադիր ուժերին․ նրանք պետք է գիտակցեն, որ պետք է անել ամեն բան, որ չեզոքացնեն այս իշխանությունների քարոզչական նյուանսները, ու դրա միակ տարբերակն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այս ընտրություններում պետք է իզգոյի կարգավիճակ ունենա:
Խոսքս հանրային օրակարգերի ձևավորման ու բանավեճերի մասին է, այսինքն՝ ընդդիմադիր դաշտը պետք է նոր օրակարգ առաջ քաշի, որը դուրս է «բոշա, փչացած» տրամաբանությունից: 2021-ի տրամաբանությունը սա էր, ու մենք տեսանք, թե ինչ ունեցանք, 2026-ին չպետք է դա թույլ տանք:
Ես սա ասում եմ, բայց նաև հասկանում եմ, որ կան ընդդիմադիր ուժեր, որ առանց այդ տրամաբանության չեն կարողանա իրենց տեղը պահպանել ընդդիմադիր դաշտում, կան նաև մարդիկ, որոնք չեն էլ մտածում Նիկոլ Փաշինյանին տապալելու մասին, նրանք մտածում են ընդդիմադիր դաշտում իրենց դիրքը պահելու մասին: Ինձ հենց այս գաղափարական միավորման չգալն է անհանգստացնում, ոչ թե այն, որ ընդդիմադիրները լայն կոնսոլիդացիա չունեցան ինչ-որ ուժի շուրջ:
Կոնսոլիդացիա, անկախ ամեն ինչից, տեղի է ունեցել, «Ուժեղ Հայաստանի» շուրջ է տեղի ունեցել, «Բարգավաճ Հայաստանի» շուրջ է տեղի ունեցել, «Միասնության թևերի» շուրջ էլ է տեղի ունեցել, և էլի կան ուժեր, որոնք կոնսոլիդացիայի են եկել, խնդիրը գաղափարական մոտեցումների մեջ է, ինչը մեր դաշտում պակասում է: Խնդիր կա նաև ճիշտը ասելու առումով. մենք չենք կարող Նիկոլ Փաշինյանին հաղթել ավելի մեծ ստեր խոսելով, որովհետև նա դրա լավագույն վարպետներից է:
– Իսկ ձեր ասած գաղափարական այդ փոփոխությունը ինչո՞ւ տեղի չի ունենում:
– Դա էլ նրանից է, որ այսօր Հայաստանում քաղաքականությամբ են զբաղվում մարդիկ, որոնք կիլոմետրերով հեռու են քաղաքականությունից, իրենք էությամբ էլ են հեռու դրանից: Քաղաքականությունը դարձրել են շոու, այստեղ քաղաքական միտք, քաղաքական բանավեճ չկան, իսկ պետությունները դրա մասին չեն: Պետական կառավարումը ձևավորվում է պառլամենտի միջոցով, պառլամենտում էլ առնվազն երեք կուսակցություն պետք է լինի, չէ՞, օրենքն է այդպես պահանջում, այսինքն՝ պետության կառավարման ձևավորման համար կուսակցությունները շատ կարևոր դեր ունեն:
– Պարո՛ն Հարությունյան, համակարծի՞ք եք այն տեսակետներին, որ գործող իշխանության հիմնական հակառակորդ քաղաքական ուժն այսօր Սամվել Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժն է:
– Իհարկե, ես ճշմարտության կողմնակից եմ ու այդ քաղաքական մանևրումները չեմ անի, դրա մասին վկայում են նաև սոցհարցումները, բայց վերևում ասածս մտքերից զգալի մասը նաև այս քաղաքական թիմին է վերաբերում: Նայում ես՝ այո՛, առաջին ընդդիմադիր ուժն է այսօր, բայց այդ մարդկանց ելույթներում ոչ մի քաղաքական խոսք չկա։ Այդ մարդկանց հարցնում են արտաքին քաղաքականության մասին, ասում են՝ աշխատատեղեր ենք բացելու, ներքին քաղաքականության մասին են հարցնում՝ էլի նույն պատասխանն է:
Ես կուզեմ, որ այդ ամենը շտկվի, իրենք պետք է գան քաղաքական դաշտ, ընտրությունները պետք է անցնեն այդ կոնտեքստում, իհարկե պետք է լինեն մարդիկ, որոնք կխոսեն սոցիալական բլոկի մասին, անվտանգության, արտաքին քաղաքականության և այլն, դա նորմալ է ու անհրաժեշտ, բայց առավոտից երեկո քաղաքական դաշտում խոսել աշխատատեղեր ստեղծելու մասին, լուրջ չէ, էլի, որովհետև, եթե իրենք ասում են՝ աշխատատեղեր ենք ստեղծելու, Նիկոլն էլ ասում է՝ ես արդեն ստեղծել եմ: Հարցն արժեքների ու գաղափարների մասին է. Նիկոլի իշխանությունը կարող է 3 միլիոն աշխատատեղ ստեղծել, բայց մեր պետությունը չլինի այն, ինչ պետք է ունենանք, հիմա դա լա՞վ է, թե՞ վատ:
– Մինչ այս պահն արված աշխատանքների հիման վրա ինչպե՞ս եք գնահատում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմադիր ուժերի՝ ընտրություններում հաջողելու շանսերը:
– Այս 35-ամյա պատմության մեջ կարող է հետաքրքիր իրավիճակ լինել, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա ընտրությունների միջոցով՝ առանց մեծ ցնցումների, իշխանությունն իհարկե ամեն ինչ կանի, թեկուզ ցնցումների տանելով՝ կանխելու այդ սցենարը: Բայց այդ հնարավորությունը կա, ես տեսնում եմ այդ հնարավորությունը, բայց այդ հնարավորությունը իրականություն դարձնելու լավագույն ձևը քիչ առաջ ասածս ճանապարհով գնալն է:
Հստակ է՝ Նիկոլ Փաշինյանն իր կուսակցությամբ չպետք է կարողանա օրակարգ թելադրել, այսինքն՝ ոչ թե Նիկոլ Փաշինյանը պետք է ինչ-որ բան ասի, ընդդիմադիր դաշտն էլ դա հերքի կամ մերժի, այլ ամբողջ ընդդիմադիր դաշտը պետք է բանավիճի պետության, իշխանության ու ապագայի մասին, որտեղ Նիկոլ Փաշինյանն անելիք չունի, նա այդ դաշտ չի մտնելու, որովհետև հենց մտնի այդ դաշտ՝ պարտվելու է:
Այդ իսկ պատճառով, եթե մենք մտածում ենք ընդդիմադիր հատվածի հաղթանակի մասին, ապա պետք է կարողանանք օր առաջ ձևավորել այդ ընդդիմադիր օրակարգը: Ամեն ուշացած օրը նվազեցնելու է այն շանսերը, որոնք կարող են ապահովել ընդդիմադիրների հաղթանակը: Չես կարող մտնել իշխանության քարոզչական դաշտ և հույս ունենալ, որ կարող ես հաղթել, չես կարող, որովհետև նա արդեն 8 տարի իշխանություն է և ունի ռեսուրսներ, դու պետք է նոր բան առաջարկես հասարակությանն ու ժողովրդին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















