ՀՀ օրենսդրության և Սահմանադրության համաձայն՝ երկրորդ, ինչպես նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի թիմի կողմից կուսակցություն ստեղծելու և սահմանադրական փոփոխությունների միջոցով Կարապետյանի՝ վարչապետի թեկնածու դառնալու վերաբերյալ շրջանառվող խոսակցություններին։
«Ինչ վերաբերում է կուսակցության հիմնադրմանը, իհարկե, ՀՀ օրենսդրությամբ քաղաքացիներն ունեն կուսակցություն ստեղծելու իրավունք։ Սակայն վարչապետի թեկնածուի մասով Սահմանադրությունն ու օրենքները հստակ են․ այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող առաջադրվել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի պաշտոնում»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ նման քննարկումները անհիմն են․ «Այն, ինչի մասին դուք խոսում եք, ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո գոյություն չունի։ Եվ գոյություն չունեցող երևույթը ես հարկ չեմ համարում մեկնաբանել»։



















