Ջերմուկի ճոպանուղին այս պահին չի գործում

Ջերմուկում սեպտեմբերի 13-ից հետո բնականոն կյանքը փուլ առ փուլ վերականգվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ասաց, որ նախկինի նման տուրիստական հոսքեր չկան, սակայն քաղաքում այս պահին էլ զբոսաշրջիկներ են հանգստանում: «Սեպտեմբերի 13-ից հետո տեղահանված բնակչության 15-20 տոկոսը միայն չի վերադարձել: Բնակիչների մեծ մասը վերադարձել է: Դպրոցներն ու մանկապարտեզները բնականոն հունով գործում են»,-ասաց նա:

Մարզպետը նշեց, որ կառավարությունը 50 միլիոն դրամ է տրամադրել՝ փոխհատուցման հարցերը հոգալու համար և այս պահին այս հարցերն են կարգավորվում:

Անդրադառնալով ԵԱՀԿ դիտորդների ներկայությունը, մարզպետն ասաց, որ այդ փաստը զսպող ազդեցություն կունենա, քանի որ դիտորդներն ամեն ինչ արձանագրում են:

Գրիգորյանն ասաց, որ սեպտեմբերի 13-ի հրետակոծությունից Ջերմուկի ճոպանուղին վնասվել է և այս պահին չի գործում:

«Աշխատանքներ են տարվում ճոպանուղու գործունեության վերականգնման ուղղությամբ»,-ասաց նա:

Վայոց ձորի մարզպետի խոսքով՝ Ջերմուկի տարածքից անզեն աչքով տեսանելի են ադրբեջանական ստորաբաժանումները:

«Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական խումբը դեռեւս դուրս չի եկել, բայց Գլխավոր շտաբը ավելի լավ կտիրապետի այդ ինֆորմացիային»,-ասաց նա: