«Բուժվում եմ, որ նորից Կարեն ծնվի…»․ որդեկորույս մայրն ասում է՝ լուրից հետո էլ հույս ուներ, թե որդին ողջ է՝ «չէի հավատում»

Աղավնի Գաբրիելյանը հիշում է՝ մինչև որդու բանակ զորակոչվելը տագնապ է ունեցել, անգամ հիվանդացել և երկու ամիս անկողնում է անցկացրել։ Ցավով ասում է՝ գուցե զգում էր, ինչ է սպասվում։

«Ես երկու տղա էի ուղարկել բանակ, բայց տենց չէի ճնշվել, մինչև Կարենիս գնալը ես սթրես էի տանում, հիվանդացա ներվերիցս, 2 ամիս պառկեցի։ Իմ բալեն գնում էր, ահագին փող էր տալիս, դեղ էր բերում։ Դուռը ծեծում էր՝ մա՛մ ջան, լա՞վ ես։ Բանակից ինչքան զանգում էր՝ մա՛մ ջան, մի՛ տանջվի էդքան»,- հիշում է ու հուզվում որդեկորույս մայրը։

Կարենը զոհվել է 44-օրյա պատերազմի առաջին օրը Թալիշում՝ մինչև վերջին շունչը կռվելով թշնամու դեմ։

Թալիշի 156-րդ դիրքից ողջ մնացած միակ տղան է պատմել Կարենի ծնողներին ողբերգական դեպքի մանրամասները։

Աղավնին պատմում է որդու ընկերոջ հաղորդած տեղեկությունները․ 

«Յոթ երեխա են եղել՝ առանց հրամանատարության, 5-ը զոհվել են, Կարենս ու Լեռնիկը ողջ են եղել։ Հետո էնպես ա եղել, որ 5 ժամ կռվելուց հետո հասկացել են, որ օգնող չկա։ Լեռնիկն ասել ա՝ արի փախնենք, մեզ օգնող չկա, մենակով բան չենք կարա անենք։ Կարենն ասել ա՝ չէ՛, ո՞նց փախնենք, տղերքին ո՞նց թողնեմ։ Կարենս գնացել ա բլինդաժ, զենք ա վերցրել, թուրքերը 20 մետր են մոտ եղել, մի րոպե կրակել ա։ Լեռնիկը մեկ էլ լսել ա, որ Կարենի զենքից էլ ձեն չի գալիս, իսկ ինքը մի կերպ փրկվել է»։

Գրիգորյանները որդու զոհվելու մասին իմացել են հոկտեմբերի 4-ին, երբ որդու ընկերը՝ Լեռնիկը, զանգել և պատմել է եղելությունը։ Աղավնին ասում է՝ լուրն իմանալուց հետո, միևնույն է՝ հույս ուներ, որ որդին ողջ է, չէր հավատում։ Սակայն ամիսներ անց սպասումն ու հույսը մարել են, երբ ԴՆԹ հետազոտության արդյունքները հաստատել են համընկնումը։

«Հունվարի 10-ի գիշերը Հերացիից մեզ զանգեցին, որ համընկնում ա եղել, ու մենք առավոտ գնացինք։ Ես չէի հավատում, ես էլ անալիզ տվեցի։ Բայց դա էլ հաստատվեց, մենք ուզում էինք տանել ուրիշ երկիր, հետո հիշեցի, որ Կարենս ընկերուհու համար կռիվ էր արել, պլոմբած ատամի մի փոքր մասը կոտրվել էր, տեսանք ատամը, նման էր, արդեն դուրս չհանեցինք։ Ամսի 14-ին հուղարկավորեցինք»,- պատմում է Աղավնին։

Գրիգորյանների կյանքը երկու տարի և ավելի է գլխիվայր շրջվել է։ Կարենը, մոր խոսքով, չորս երեխաների մեջ տարբերվողն ու յուրահատուկն էր։

«Մեր ընտանիքով ոնց որ մահացած լինենք 2 տարի ա, զարմանում ենք՝ ոնց ենք լուսացնում։ Իմ բոլոր երեխաներն էլ լավն են, բայց ինքը յուրահատուկ ա եղել։ Հիշում եմ՝ գործից գալիս էի, ինքը միշտ պետք ա ինձ համբուրեր, անպայման թուշը պիտի տար, որ համբուրեի։ Իրան ուրիշ ձևի էինք սիրում, մեր տան ճրագն էր»,- հուզմունքով ասում է որդեկորույս մայրը։

Համեստ, ծնողասեր, ընկերասեր՝ Կարենն աչքի է ընկել իր քաջագործություններով։ Մայրն ասում է՝ մինչև պատերազմն էլ Կարենը սխրանքներ է գործել, որոնց մասին իմացել են միայն որդու զոհվելուց հետո ընկերների պատմածներից:

«Որ իրանից զանգ չկար, տղերքով գալիս-հավաքում էին, պատմում էին իրա քաջագործությունների մասին։ Կարենը լավ լողորդ էր, ամեն օր ընկերներով գնում էին մեր գյուղից երկու գյուղ էն կողմ՝ լճերում լողալու։ Պատմում էին՝ ոնց ա չորս ընկերներին խեղդվելուց փրկել, կամ ոնց ա մի օր մեքենան շուռ եկել, ու մեքենայի տակից Կարենն ա փրկել»,- ասում է մայրը։

Կարենի տարերքը սպորտն էր՝ ըմբշամարտը, լողը։ Փոքր հասակից մարզվել է ու որոշել սպորտի գծով շարունակել մասնագիտանալ։ Միաժամանակ ծնողների հորդորով ընդունվել և սովորել է Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան քոլեջում՝ բանկային գործ բաժնում։

Մայրը պատմում է, որ որդին սովորելուն զուգահեռ աշխատել է, քանի որ չի ցանկացել որևէ հարցում նեղություն տալ ծնողներին։

«Գնում էր, հողագործությամբ էր զբաղվում, բերք էր հավաքում, գումար էր աշխատում, իրա ծախսերը հոգում»,- ասում է մայրը։

Աղավնիի խոսքով՝ Կարենը շատ ընկերասեր էր, մշտապես օգնել է, ցանկացած հարցում հասել։ Ընկերներն էլ երբ բանակ են մեկնել, գնացել ընտանիքի անդամներին աջակցել է որոշ հարցերում։

«Իրա ընկերությունը շատ մեծ էր, մեծ շրջապատ ուներ, բոլորը գալիս էին, իրանից էին մի բան հարցնում։ Երբ ընկերները բանակ էին գնում, ընկերների ընտանիքներին էր օգնում, հողագործություն էր անում, պետք ա եղել՝ տան կռիշն ա սարքել։ Շատ յուրահատուկ էր»։

Աղավնին այժմ բուժումներ է անցնում, հավատով սպասում է, որ նորից կմայրանա։ 
«Հիմա բուժվում եմ, որ բալիկ ունենամ, նորից Կարեն ծնվի, ես ուզում եմ՝ Կարենը միշտ լինի, Կարենս ուրիշ ա եղել։ Ուզում եմ, աշխատում եմ սուռոգատով չլինի, ի վիճակի եմ ունենալու, մի փոքր բուժումներ կան»,- ասում է մայրը։

Կարեն Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության, «ՊՇ 6-րդ անձնուրաց պաշտպան» մեդալներով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am