«Արցախը՝ Ադրբեջանի կրակի ներքո»․ Իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի ազդեցիկ ֆոտոպատմությունը՝ կյանքի ու մահվան սահմանագծին

Իտալացի անկախ լրագրող և լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի ազդեցիկ ֆոտոպատմությունը Արցախից հուզել է բազմաթիվ մարդկանց՝ լուսանկարների միջոցով տեղափոխելով կրակի գոտի, որտեղ մարդկային հույզերն են, ողբերգությունը, կյանքն ու մահը կողք կողքի։ 

Լուսանկարիչ Տրավան, որը մասնագիտացած է սոցիալական լուսանկարչության և պատերազմների լուսաբանման մեջ, մեկնել է Արցախ՝ սեպտեմբերի 27-ից հետո Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններից հետո։ 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված ռազմական գործողությունների ընթացքում մեկ շաբաթ Ռոբերտո Տրավանը անցկացրել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։

Իր տպավորությունները փոխանցելով՝ նշել է, որ ի տարբերություն իր նախորդ պատերազմական ռեպորտաժների, սա ծանր աշխատանք էր։

«Քաղաքը պաշարվել էր ռումբերով, անօդաչու թռչող սարքերով։ Ես փորձեցի ուշադրությունս սևեռել բնակչության կյանքի սարսափելի պայմանների վրա։ Նրանք ստիպված էին ապրել մութ և խոնավ նկուղներում ադրբեջանական ռմբակոծություններից պատսպարվելու համար։

Այս աշխատանքը նվիրված է նրանց բոլորին»,- գրել է նա։

Նշենք, որ 2016-ին Ռոբերտո Տրավանն արժանացել էր Արցախի նախագահի մրցանակի՝ ընթացող հակամարտության վերաբերյալ լուսանկարների շարքի համար։

Լուսանկարների շարքն ամբողջությամբ՝ այստեղ։