Թալիբները Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ստեղծելու ցանկություն են հայտնել

«Թալիբանը» շահագրգռված է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատելու հարցում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ թուրքական «Անադոլու»-ի փոխանցմամբ,  այս մասին հայտարարել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության փոխարտգործնախարար Էմիրհան Մութթաքին:

Մութթաքին նշել է, որ Աֆղանստանի ներկայիս իշխանությունները կապի մեջ են Թուրքիայի կառավարության հետ:

«Մենք Թուրքիայից ակնկալում ենք աջակցություն Աֆղանստանի ժողովրդին և օժանդակություն ենթակառուցվածքային աշխատանքների իրականացման գործում, առաջին հերթին՝ Քաբուլի օդանավակայանի վերագործարկման հարցում: Այս հարցերի շուրջ մենք կապի մեջ ենք Թուրքիայի հետ: Մեր բանակցությունները կարող են ավարտվել մոտ ապագայում», – Քաբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա: