Դավիթ Գալստյանը հերքում է իր հորեղբոր՝ Ստեփանակերտի պարետ նշանակվելու լուրերը

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հերքում է այն տեղեկությունները, թե նրա հորեղբայր Սարգիս Գալստյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ։

«Իմ ունեցած տեղեկություններով՝ նման բան չկա։ Չար լեզուներն են այդպիսի տեղեկություններ տարածել։ Մոտ ժամանակներս փաստեր ի հայտ կգան, թե ինչով է զբաղված Սարգիս Գալստյանը։ Չեմ կարող Սարգիս Գալստյանի տեղը որոշում կայացնել կամ իր որոշման վրա ազդել։ Նրա երեխաները գտնվում են Երևանում, և այսօր ինչ-որ մեկի գրածով, որը չունի ապացույց,  թիրախավորել Սարգիս Գալստյանի ընտանիքին, առնվազն․․․ բառեր չեմ գտնում ասելու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գալստյանը։

Նա նշեց, որ ներկայումս Սարգիս Գալստյանը և նրա կինը, ինչպես նաև որոշ թվով հայեր, գտնվում են Ստեփանակերտում։