Վերջին հրաժեշտ. Գյումրիում հրաժեշտ են տալիս Ավետիսյաններին

Վերջին հրաժեշտ. Գյումրիում հրաժեշտ են տալիս Ավետիսյաններին
Վերջին հրաժեշտ. Գյումրիում հրաժեշտ են տալիս Ավետիսյաններին

Գյումրիում հազարավոր մարդիկ այսօր հրաժեշտ են տալիս դաժանորեն սպանված Ավետիսյանների ընտանիքի վեց անդամների, ովքեր սպանդի ենթարկվեցին հունվարի 12-ի վաղ առավոտյան:

Գյումրիի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները սպանվեցին դեռեւս անհայտ հանգամանքներում, ընտանիքի ամենափոքրը` վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը, ով հայտնաբերվեց կրծքի շրջանում ծակող գործիքով վնասված գտնվում է հիվանդանոցում` ծանր վիճակում: Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:

Գյումրեցիների սպանության մեջ կասկածվողը Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայող ռուս զինվոր Վալերի Պերմյակովն է, ով խոստովանական ցուցմունք է տվել ներկայումս գտնվում է ռուսական կողմի մոտ: 

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Սպուտնիկ» ռադիոկայանի տված հարցազրույցում խոսելով Գյումրիում տեղի ունեցած արյունալի միջադեպի և դրան հաջորդած իրադարձությունների մասին՝ ասել է, որ հարցը չպետք է քաղաքականացնել:

«Ես հասկանում եմ այդ մարդկանց, նրանց զգացմունքները, որովհետև դաժան հանցագործություն է տեղի ունեցել, որի համար հանցագործը պետք է պատասխան տա: Մարդիկ իհարկե, իրավունք ունեն գալ այստեղ, իրենց կարծիքը, զգացմունքներն արտահայտելու: Բայց կարծում եմ, որ այս հարցը քաղաքականացնել պետք չէ: Մենք չպետք է քաղաքական հրդեհ բորբոքենք այս հարցի շուրջ: Կարծում եմ քննությունը կպարզի այս գործի բոլոր մանրամասները և հանցագործը համարժեք պատիժը կկրի», – նշել է նա:

Գյումրիում տեղի ունեցած արյունալի ողբերգությունը հազարավոր մարդկանց փողոց է հանել: Երեկ Գյումրիում տեղի ունեցած երթի ժամանակ ձվեր են թռչել Ռուսաստանի հյուպատոսարանի ուղղությամբ: Հազարավոր քաղաքացիներ, չնայած իրավապահների շղթաներին շարժվել են ռազմաբազայի ուղղությամբ` պահանջելով սպանդի մեջ մեղադրվողին ռուսական կողմից հանձնել հայ իրավապահներին:

Ցուցարարները այսօր մինչեւ ժամը հինգ ժամանակ են տվել դատախազությանը` խոստանալով Ավետիսյանների հուղարկավորման արարողությունից հետո վաղը` ժամը երեկոյան հինգին, կրկի հավաքվել: Ցուցարաները նշել են, որ իրենց հետագա քայլերը կախված են լինելու դատախազության պատասխանից:

Լուսանկարներն` այստեղ

© Medialab.am