ԱՄՆ պետքարտուղարությունում կրկնել են դեպի Լեռնային Ղարաբաղ երկու միջանցքների բացման կարևորությունը

ԱՄՆ-ն կրկնել է դեպի Լեռնային Ղարաբաղ տանող երկու ճանապարհների, այդ թվում՝ Լաչինի միջանցքի բացման կարևորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թեմային անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Պաշտոնյան շեշտել է, որ ԱՄՆ պետքարտուղարն անձամբ է ներգրավված Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում և վերջին շաբաթվա ընթացքում այդ թեմայի շուրջ բազմաթիվ զրույցներ է ունեցել։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ է մտել հումանիտար օգնության մեկ խմբաքանակ, և այսպիսով, մենք կկրկնենք մեր կոչը կոնկրետ հարցի՝ դեպի երկիր (խմբ․ Լեռնային Ղարաբաղ)  տանող երկու միջանցքների բացման կարևորության մասին՝ որպես կարճաժամկետ նպատակ, և երկու երկրների միջև վերջնական համաձայնության հասնելու կարևորության մասին՝ որպես երկարաժամկետ նպատակ», – հայտարարել է Միլլերը։