«Ինչի՞ց է զարմացել և ումի՞ց է բողոքում սպան, անհասկանալի է». Արամ Սարգսյանը՝ Արթուր Վանեցյանին

Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Հեղափոխությունները տեղի են ունենում նախկիններին մերժելու, պատժելու, գողացածը հետ բերելու խոստումով։ Այդ դեպքում են մարդիկ փողոց դուրս գալիս և հաղթանակից հետո էլ պահանջում հաղթողից իրականացնել խոստումը։

Մեզանում տեղի ունեցածը բացառություն չէ, և գործող իշխանությունը փորձում է իր տված խոստումը հնարավորինս կատարել՝ նախկիններին պատժել և գողացածը հետ բերել։ Արթուր Վանեցյանը այս ամենը իմանալով և գիտակցելով է ստանձնել ԱԱԾ պետի պատասխանատու պաշտոնը և հաճույքով մաս է կազմել իշխանությանը։ Հակառակ մոտեցումը ուղղակի ծիծաղելի կլիներ, ու թե հիմա ինչի՞ց է զարմացել և ումի՞ց է բողոքում սպան, անհասկանալի է։

Գործող իշխանությունն ունի դատական համակարգի, Սահմանադրական դատարանի և, այո, նաև նախկին հանցագործությունները բացահայտելու և պատժելու պարտավորություն։ Իշխանությանը մաս կազմող անհատները կամ պետք է պատվով և իրենց գիտելիքները ներդնելով ու արհեստավարժ իրականացնեն այս գործը, կամ՝ հրաժարական տան և հեռանան: Եվ ցանկալի է, որ դա անեն առանց պաթոսի ու բայղուշության»: