Էրդողանն ու Ալիևը փորձում են այլ նշանակություն տալ եռակողմ համաձայնագրի կետերին. «National Interest»-ի անդրադարձը

Արցախում 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված եռակողմ համաձայնագրի երկու դրույթը վերջին ամիսներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն  ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձել են սահմանել այլ կերպ:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին «National Interest»-ի իր հոդվածում նշել է վերլուծաբան Մայքլ Ռուբինը: Հոդվածում նախ անդրադարձ է կատարվում ճանապարհների ապաշրջափակման մասին դրույթին: Ըստ այդ կետի՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերը պետք է ապաշրջափակվեն: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորելու է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը:

«Նախ նրանք դա մեկնաբանում են որպես իրենց միջանցքի տրամադրում, որը կհատի Հայաստանի ինքնիշխան տարածքը: Երկրորդ՝ նրանք անտեսում են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու մասին կետը: Բայդենի վարչակազմը պետք է հստակ հասկացնի, որ նման վերաիմաստավորումն անհիմն է և անօրինական»,-ասված է հոդվածում։

Ընդգծելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին՝ հոդվածագիրը ներկայացրել է Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի, Հայաստանի ապաշրջափակման մասին հարցի քննարկումը Հայաստանի առաջնորդի հետ պահանջում է նախ Ադրբեջանի պահանջների կատարում: «Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը կհաղթահարվի միջանցքի բացմամբ»,- հոդվածում մեջբերվել է Էրդողանի հայտարարությունը:

«Ե՛վ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, և՛ պետքարտուղար  Բլինքենը բազմիցս հայտարարել են, որ «դիվանագիտությունը վերադարձել է», բայց երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, այն չկա։ Եթե Վաշինգտոնի նպատակն էր թուլացնել ՀՀ-ի կապերը ՌԴ-ի և Իրանի հետ, ապա լավագույն միջոցը կլիներ ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ Հայաստանի կրկնակի շրջափակումը վերացնելու և ՀՀ-ի կախվածությունը ՌԴ-ից ու Իրանից նվազեցնելու համար», – նշվել  է հոդվածում՝ ավելացնելով, որ ինչպես Թուրքիան հույս ունի, որ իր բեռնատարները Հայաստանի տարածքով կանցնեն, այնպես էլ Հայաստանը պետք է կարողանա իր բեռնատարների շարժն ապահովել Թուրքիայով: