Ֆրանսիայից եկող սպառազինության խմբաքանակը արդյունավետ է, մենք դրա կարիքը շատ ունենք. ռազմական փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ, պահեստազորի փոխգնդապետ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին դասախոս Հրաչյա Պետրոսյանցը

– Պարո՛ն Պետրոսյանց, Ֆրանսիան այսօր Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության ֆրանսիական խմբաքանակ (գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադարներ), ինչի մասին կողմերը պայմանավորվել էին դեռ 2023 թվականին։ Ի՞նչ է տալու այս խմբաքանակը բանակին՝ պաշտպանության տեսանկյունից։

– Խոսքը կոնկրետ գիշերային տեսողական սարքերի ու ռադարների մասին է, ու անկախ նրանից՝ որքան մենք ունենք այդ սարքերից, միևնույն է, դրանք երբեք շատ չեն լինում, այսինքն՝ ինչքան էլ ստանանք, դրանք տանելու են արդյունավետության ավելի բարձրացման։ 

Այստեղ ավելի կարևոր են ռադարները․ սրանք բավական բազմաֆունկցիոնալ ռադարներ են, որոնք ճիշտ օգտագործման դեպքում իրականացնում են նաև կրակի կառավարում, ու Հայաստանն առհասարակ նմանատիպ սարքերի կարիքը շատ ունի։ Մենք ունենք ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում այդ ռադարների, թռչող օբյեկտների արագ հայտնաբերման, ուղեկցման ու նշանացուցման սարքերի կարիքը։ Այդ ռադարները կարողանում են հաշվարկ ու նշանացուցում կատարել թռչող օբյեկտները խոցելու համար, այնպես որ, բավականին հաջող սարքեր են, սպասենք, որ դրանք հայկական բանակում շատ արագ կիրառման մեջ կմտնեն։ 

– Այսինքն՝ արդյունավե՞տ սպառազինության խմբաքանակ է։

– Այո՛, արդյունավետ է, մենք դրա կարիքը շատ ունենք, ինչքան շատ ունենանք, այնքան ավելի լավ, նմանատիպ սարքավորումների ձեռքբերման մասով կան տեղեկություններ նաև հնդկական կողմից, ընդ որում՝ խոսքը ոչ միայն ռադարների, այլ նաև խոցող միջոցների մասին է։ Ուղղակի այստեղ այլ հարց էլ կա․ դու կարող ես ամենաառաջավոր, նորագույն տեխնիկան ունենալ, բայց չկարողանաս ճիշտ կիրառման խնդիրը լուծել։

 – Բանակում կա՞ն մասնագետներ, որոնք կսովորեցնեն զինծառայողներին ճիշտ օգտագործել այդ սարքերը, պարո՛ն Պետրոսյանց։

– Նմանատիպ տեխնիկան բավական ունիվերսալ է, շատ հեշտ է դրանց տիրապետելը, բայց ասածս կոնկրետ կիրառողի մասին չէր, այլ խնդիրը ընդհանուր մտահղացման մեջ՝ ռազմավարական, օպերատիվ մակարդակում դրանց կիրառման հարցի մասին է, ու երկրորդը՝ այն կամքը, որ անհրաժեշտության դեպքում դա կիրառվի։ Մենք էլի ունեինք արդյունավետ միջոցներ, բայց միգուցե քաղաքական կամք չունեցանք 2020 թվականին դրանք կիրառելու։

– Այսինքն՝ այնպես չէ՞, որ 2020 թվականին սպառազինության պակաս ենք ունեցել։

– Ես համոզված եմ, որ 2020 թվականին մենք ունեինք սպառազինության այնպիսի քանակություն, թող լինի հին, բայց դրա ճիշտ կիրառումը ու, ընդհանրապես, դրա կիրառումը կարող էր այլ արդյունքների բերել, այսինքն՝ չունենայինք այն ծայրահեղ ծանր պարտությունը, որն ունեցանք։ Ես վստահ եմ նաև, որ մենք ունենք մասնագետներ բանակում, որովհետև կիրառման օղակում գտնվողները բավական կոմպետենտ, շատ ճշգրիտ հաշվարկներ են կատարում, այստեղ խնդիրը կիրառման հրաման ստանալն է։

– Պարո՛ն Պետրոսյանց, նախատեսվում է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուի այցը Հայաստան, որի հետ ժամանելու են նաև պաշտպանության ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։ Այս հարաբերությունները պաշտպանական մասով մեզ ի՞նչ կտան։

– Ֆրանսիան աշխարհում համարվում է ամենաառաջատար ռազմարդյունաբերություն ունեցող երկրներից մեկը, ու այսօր նույն չինական, հնդկական, իրանական սպառազինությունները, որոնք ցածր գներով հայտնվում են տարբեր տեղերում, հիմնված են ֆրանսիական տեխնոլոգիաների վրա։ Ու այս առումով շատ կարևոր ու ճիշտ ուղի է Ֆրանսիայի հետ այդ ռազմարդյունաբերական համագործակցության զարգացումը: Հայկական կողմն անպայման պետք է շարունակի հարաբերությունները խորացնել Ֆրանսիայի հետ, նոր սպառազինություն ձեռք բերի, որովհետև Ֆրանսիան ամբողջ աշխարհում, զարգացած ռազմական տեխնիկայի ոլորտում, առաջատարներից մեկն է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am